Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Երաժշտագետ-բանահավաք, Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը «Գորանի» անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Նրա հետ զրույցի ընթացքում հնչում են Տարոնի «Գորանի», պարսկահայոց «Կյաջլան» և «Ել, ել» երգերը, նույն շրջանի կատակերգ «Էկան, ասին»-ը, «Աճմամ ու Շամամե»-ն, Երզնկայի «Ուսկի կուգաս» և «Կյոմրուգին պատը պլեր է» երգերը, Բյութանիայի Բարեկենդանի երգերի շարան «Աս տարի, տարի»-ն և «Ճատ մանանա», «Մամոգ, մամոգ» պարերգերը: