Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

«Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ»: Այս տողերը կարդալիս մարդ ակամայից հարց է տալիս. «Իսկ ի՞նչ է եղել «ի սկզբանէ», աշխարհում ամեն բան ինչի՞ց է ստեղծվել»: Այդ հարցի պատասխանն էլ սկսվում է նույն խոսքից՝ «ի սկզբանէ»:
Համաձայն Յովհաննես առաքյալի՝ Աստծո առաջին խոսքը՝ «Թող լույս լինի», Աստծո Որդու հայտնությունն ու երևան գալն է աշխարհ, ինչի մասին պատմում է ամբողջ Ավետարանը: