Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

«Բաբելոնյան խառնաշփոթ». մենք այսպես ենք կոչում միմյանց օտար մարդկանց ամբոխը, անկարգությունը, աղմուկն ու իրարանցումը: Բայց ինչո՞ւ հենց «Բաբելոնյան խառնաշփոթ»:
Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»:
Մարդկանց և ժողովուրդների միաբանությունը մեկ ընդհանուր ճշմարիտ հավատքի ներքո` Աստծո մեծագույն զորությունն ու սերն է: Եթե հպարտութունն ու ատելությունը բաժանում են մարդկանց, ապա Աստծո զորությունն առաջնորդում է նրանց դեպի միաբանութուն, և այդ պատճառով Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին մնում է աներեր: