Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

«Ինձ կտեսնես թիկունքից» կամ կենցաղում օգտագործվող «ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի» արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մարդ ոչ թե տեսնում է ինչ-որ բանի էությունը կամ իմանում ճշմարտությունը, այլ սահմանափակում դրա մասին միայն մակերեսային, կցկտուր տեղեկություններով: «Ելք» գրքում պատմվում է այն մասին, որ Աստված Իսրայելի ժողովրդին հայտարարում է Իր ծրագրերի մասին, այսինքն՝ երկրի վրա Իր մտադրությունների իրագործման, և, ի տարբերություն մեղսագործ ժողովրդի, միայն Մովսեսն է արժանանում այդ ծրագրերն ըմբռնելու աստվածային շնորհին: