Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Աստվածաշնչյան այս արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մեկը հրաժարվում է ինչ-որ բանից հանուն շահի, օգուտի: Ռեբեկայի արգանդում որդիները պայքարում էին միմյանց հետ, «բախվում էին» իրար: Այդ պայքարը ցույց էր տալիս երկվորյակների ապագա թշնամությունը: Համաձայն ավանդության` նրանք դեռ իրենց մոր արգանդում էին միմյանց հետ վիճարկում անդրանկության իրավունքը: Հենց անդրանկությունն էր իրավունք տալիս ստանալու Աբրահամի և Իսահակի հոգևոր օրհնությունը: Եսավը երդվում է և իր անդրանկությունը վաճառում Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տալիս է հաց ու ոսպապուր: Սա ուտում է, խմում ու գնում իր գործին: Այսպիսով Եսավն արհամարհում է իր անդրանկությունը: Ահա այսպիսին է Եսավի ամբողջ կյանքի պատկերը` ուտել, խմել, վեր կենալ ու գնալ, չխորհել այն մասին, թե ուր ես գնում, որտեղից հեռանում, նյութական բարիքների համար ինչ գին վճարում: