Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Այս օպերան գրվել է Բավարիայի և Պֆալցի կուրֆյուրստ Կառլ Թեոդորի պատվերով։ Իդոմենեոսի մասին հին հունական առասպելի թեմայով նախկինում արդեն օպերա գրվել էր։ 1712 թվականին Փարիզում ներկայացվել էր հայտնի կոմպոզիտոր Անդրե Կամպրայի համանուն օպերան՝ հինգ գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը բանաստեղծ և թատերագիր Անտուան Դանշենն էր։ Նրա լիբրետոն հարուստ էր ողբերգական իրադարձություններով և ավարտվում էր արյունահեղ հանգուցալուծմամբ։ Զալցբուրգի քահանաներից Աբբա Ջամբատտիստա Վարեսկոն այդ լիբրետոյի տեքստը ֆրանսերենից թարգմանում է իտալերենի և համապատասխանեցնում օպերա-սերիայի առանձնահատկություններին։ Այս տարբերակում օպերան արդեն բաղկացած էր 3 գործողությունից և ուներ երջանիկ ավարտ։
«Իդոմենեոսը» հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 1781 թվականի հունվարի 29-ին Մյունխենի ազգային թատրոնում։
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

