Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է գերմանացի նշանավոր վիպագիր Էրիխ Մարիա Ռեմարկին: Արտասովոր ճակատագիր բաժին հասավ այս գրողին: 17 տարեկան պատանին, որը նոր էր ավարտել գիմնազիան, ռազմաճակատ մեկնեց և վիրավորվեց հինգ անգամ: Պատերազմից հետո նա ուսուցչություն էր անում գավառում, հետո տեղափոխվեց Բեռլին: Ռեմարկը վերցրեց մոր անվան երկրորդ բաղադրիչը՝ Մարիա, երբ կորցրեց նրան: Կարիքները հոգալու համար պատրաստ էր ցանկացած աշխատանքի: Ուսուցիչ, մրցարշավորդ, առևտրի բնագավառի ծառայող, խմբագիր, լրագրող. մասնագիտություններ, որոնք իրենց արտացոլումը գտան նրա հերոսների կերպարներում:

