Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Մարդու նորանոր իրավունքների ամրագրման և իրացման արդի դարաշրջանում իրավունքներից մեկն էլ մարդու սեփական կամքով մեռնելն է: Արդյո՞ք դա մտացածին իրավունք չէ և իրականում կյանքի իրավունքի ոտնահարում: Ինչո՞ւ մարդը չունի չծնվելու իրավունք, իսկ իրեն մեռցնելու իրավունք ունի: Եթե գործընթացի սկիզբը որոշողը մենք չենք, դրանից չի՞ հետևում, որ ուրեմն ավարտն էլ մեր ձեռքում չէ: Եվթանազիայի նկատմամբ ինչպիսի՞ մոտեցումներ կան այսօր գիտական, կրոնական և քաղաքական դիսկուրսներում: Ի վերջո, եվթանազիան մարդու մահվան իրավունքի իրացո՞ւմ է, թե սպանություն։
- Հրանտ Կարապետյան
- Հայարփի Սահակյան

