«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Այսօր էլ, ինչպես անցյալում, միլիոնավոր մարդիկ հավատում են հոգի կոչվող խորհրդավոր ուժի գոյությանը: Քրիստոնյաները, հուդայականները, մուսուլմանները, հինդուիստները, սիկհերը, դաոսականները (էլ չենք խոսում հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, չինացիների և հին ու նոր ուրիշ շատերի մասին) հավատում էին բանական հոգու, տիեզերական հոգու, երկմաս և եռամաս հոգու, անմահ հոգու և մարմնի հետ անհետացող հոգու գոյությանը:

