«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Ականջ դրեք մեր պատմությանը. բոլոր կողմերից միայն մեկ ձայն է լսվում՝ մարտական թմբուկների զարկը: Միջցեղային պատերազմներ, կրոնական պատերազմներ, քաղաքացիական պատերազմներ, ազգամիջյան պատերազմներ, գաղութատիրական պատերազմներ, նվաճողական պատերազմներ, ազատագրական պատերազմներ, այլ պատերազմներ կանխող պատերազմներ. մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր բախումների անվերջանալի շղթա, որի վերջը չի էլ երևում»:

