Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Եգիպտական պանթեոնի թերևս ամենանշանավոր այս աստվածուհու կերպարն իր մեջ թաքցնում է բազում առեղծվածներ: Նրա ծագումը հասնում է եգիպտական պատմության խորքերը և շատ գիտնականների համար դառնում անհասկանալի: Հասկանալի չէ և այն, թե ինչու Իսիսը ուշ անտիկ դարաշրջանում ամբողջ Միջերկրածովեզերքում և նրան հարող շրջաններում դարձավ Մեծ Մոր մարմնավորումը: «Իսիս» կամ «Իզիդա» անունը հին եգիպտական «Իսետ» կամ «Էսետ» անունների՝ ավելի ուշ շրջանի հունական ձևն է, որն ըստ լեզվաբանների նշանակում է «գահ»։ Իսիսը`Օսիրիսի քույրն ու կինը, մեռելներից նրա հարության խորհրդի աստվածային ղեկավարը, կապված է բնության գարնանային վերածնման հետ։



Հին Թագավորության ժամանակներից հայտնի են տիեզերածնության երեք գլխավոր դպրոցներ, որոնք կապված են Հելիոպոլիս, Հերմոպոլիս և Մեմֆիս քաղաքների հետ: Եգիպտական ավանդության մեջ նրանցից գլխավորը դարձավ հելիոպոլական դպրոցը, որը սովորեցնում էր, որ ի սկզբանե եղել է Նուն քաոսային նախաօվկիանոսը, որն իր մեջ թաքցնում էր այն ամենի ծագման հնարավորությունները, ինչը կլինի աշխարհում: Նախաօվկիանոսից բարձրացավ առաջին թումբը կամ լեռը՝ շողշողացող «Բեն-բեն քարը»: Նրա հետ են կապված աշխարհը ծնող «տիեզերական ձվի» և Փյունիկ արեգակնային թռչնի կերպարները:



Թվում է, թե ժամանակակից մեր կյանքից ինչը կարող է ավելի հեռու լինել, քան Հին Եգիպտոսի կրոնը: Չնայած նրան, որ քրիստոնեություն ընդունելուց հետո մենք փարավոնների երկիրն ընկալում ենք Աստվածաշնչի լույսի ներքո, որտեղ Եգիպտոսը ներկայացված է որպես հեթանոսական պետություն, որը հետապնդում է միակ Աստծուն պաշտողներին՝ շատ ուրիշ աղբյուրներում Եգիպտոսը յիշատակվում է որպես հնագույն գերիմաստության կենտրոն:



Հյուսիսային Ամերիկայի բնիկներին հաճախ անվանում են կարմրամորթներ, թեպետ իրականում նրանց մաշկը երբեք կարմիր չի լինում, այլ ունենում է տարբեր երանգներ՝ շագանակագույնից մինչև դեղին: Նրանց սկսեցին կարմրամորթ անվանել կարմիր ներկի նկատմամբ առանձնահատուկ հակում ունենալու պատճառով: Նրանք հանդիսավոր տոնակատարությունների ժամանակ այն իրենց մարմիններին էին քսում՝ համարելով կարմիր գույնը սրբազան:



Չիբչա-մուիսկների քաղաքակրթությունը ձևավորվել է Արևելյան Կորդիլերի բարձր լեռնային սարահարթում՝ ժամանակակից Կոլումբիայի տարածքում: Այն իր ազդեցությունը տարածել է Պանամայի, Էկվադորի և Վենեսուելայի մի մասի վրա: Ամերիկյան մայր ցամաքի մեծ քաղաքակրթությունների շրջանում մայաներից, ինկերից և ացտեկներից հետո իրավամբ արժանի տեղ է զբաղեցնում չիբչա-մուիսկների քաղաքակրթությունը։ Նրանց կայսրությունը գոյություն ուներ մեր թվարկության երկրորդ դարից մինչև նրա նվաճումն իսպանացիների կողմից տասնվեցերորդ դարի երեսնական թվականներին: Չիբչան իրեն անվանում էր մուիսկ՝ մարդ:



Ինկերի մեծ կայսրությունը կազմավորվեց մեր թվարկության երկրորդ հազարամյակի առաջին կեսին և զբաղեցնում էր ժամանակակից Պերուի, ինչպես նաև Էկվադորի, Բոլիվիայի, Արգենտինայի և Չիլիի որոշ հատվածների ահռելի տարածքը:
Արևի աստվածացումն աշխարհի տարբեր անկյուններում տարածված երևույթ է, բայց ինկերը, որ իրենց անվանում էին «Արևի որդիներ», այդ հարցում գերազանցեցին բոլոր ցեղերին և ժողովուրդներին: Մարդկային դեմքով ոսկյա սկավառակի տեսքով լուսատուի պատկերը ծառայում էր պաշտամունքի պաշտոնական առարկա: Արևի անվան հետ են կապված նաև ինկերի կայսրության հիմնադրման մասին երկու առավել հայտնի առասպելները:



Ացտեկներն իրենց հայրենիքն անվանում էին «Ացլան կղզի», վայր, որտեղ ապրում են ձկնկուլները: Նրանց նախահայրենիքի տեղը ստույգ հայտնի չէ, բայց հետազոտողների մեծ մասը հակված է այն մտքին, որ սկզբնապես ցեղը բնակվում էր Կալիֆոռնիական ծովածոցի հյուսիսային հատվածին հարող կղզիներում: «Ացլան» բառից էլ առաջացել է «ացտեկ» անունը:



Որպեսզի աստվածների ուշադրությանն արժանանան, մայա ցեղի անդամները երկար ժամանակ պահք էին պահում, երբեմն երեք տարի, չէին ուտում միս, աղ, պղպեղ և չէին օգտագործում մեքսիկական չիլի կծու համեմունքը: Խրախուսվում էր նաև սեռական ինքնազսպումը: Ճիշտ է, այս սահմանափակումների մեծ մասը վերաբերում էր քրմերին: Մյուսներն ունեին մեծ ազատություն, բայց, գտնվելով քրմերի հսկայական ազդեցության տակ, ձգտում էին հետևել աստվածների ողորմածությունը շարժելու մեթոդներին:



Այսօր միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելում են Մեքսիկայի և Պերուի հին հնդկացիների առեղծվածային մշակույթներից մնացած վեհասքանչ ավերակները: Նրանք զարմանքով հայտնագործում են հնդկացիների հրաշալի ճարտարապետությունն ու քանդակագործությունը, նրբագեղ, արտահայտիչ արձանիկներն ու նեֆրիտե և ոսկյա զարդեղենը, գունազարդ և պատկերավոր խեցեգործությունը:



Զարգացած սլավոնական կրոնում և դիցաբանության մեջ գերագույն աստված դարձավ շանթառաք Պերունը: Այդպես էր նաև հնդեվրոպական այլ ժողովուրդների կրնում: Այսպես՝ լիտվացիների, պրուսացիների և լատվիացիների գերագույն աստված Պերկոնսը շատ նման է սլավոնների Պերունին: Գերմանական ցեղերի մոտ շանթառաք Թորը ժամանակի հետ նույնպես ստվերեց վաղեմի երկնային աստված Թյուրին:



Բազմազան էին հին սլավոնների թաղման ծեսերը: Դեռ հովվական կենցաղավարության ժամանակներից մինչև քրիստոնեության ընդունումը ամենատարածված թաղման ձևը գերեզմանաբլրայինն էր: Հանգուցյալների թաղման ժամանակ սլավոնները տղամարդկանց հետ դնում էին զենք, ձիու լծասարք, սպանված ձիեր և շներ: Կանանց հետ դնում էին մանգաղներ, անոթներ, ցորեն, սպանված անասուն և ընտանի թռչուն:



Ոգիները բնակություն էին հաստատում ոչ միայն անտառներում և ջրերում: Հայտնի է դոմովոյ՝ տնապահ կամ պարզապես տնային ոգին: Համարվում էր, որ տնապահը ապրում էր կամ վառարանի տակ, կամ նրա համար վառարանի վրա կախված տրեխում: Դոմովոյին նոր տուն տեղափոխում էին կճուճի մեջ՝ հին վառարանի ածուխների հետ՝ միաժամանակ կրկնելով. «Տնապահ, տնապահ, գնանք ինձ հետ»: Տնապահը հովանավորում էր տնտեսությունը: Եթե տանտերերը ջանասեր էին, նա բարիքին բարիք էր ավելացնում, իսկ ծուլության համար պատժում էր փորձանքով:



Սլավոնական հեքիաթներում հանդիպում են բազում կախարդական գործող անձեր՝ մեկ սարսափելի և ահեղ, մեկ խորհրդավոր և անհասկանալի, մեկ էլ՝ բարի ու օգնելու պատրաստ: Ժամանակակից մարդկանց համար նրանք համարվում են զվարճալի մտացածին բաներ, բայց հին ժամանակներում Ռուսիայում սրբորեն հավատում էին, որ շրջակա ամբողջ աշխարհը համակված է կախարդանքով. անտառի թավուտում կանգնած է Բաբա Յագայի խրճիթը, մռայլ քարքարոտ սարերում բնակվում է գեղեցկուհիներին փախցնող օձը, իսկ ձին կարողանում է խոսել մարդկային լեզվով: Նման հավատքը կոչվում է հեթանոսություն կամ «ժողովրդական հավատք»:



Աշխարհի վերջի և աստվածների կործանման սպասումը հատուկ է սկանդինավյան դիցաբանությանը: Երևի թե դա կապված է այն հանգամանքի հետ, որ առասպելների հիմնական խումբը ձևավորվել է տոհմացեղային կարգի կործանման դարաշրջանում՝ պառակտման և մարտերի ժամանակ: Ըստ երևույթին, սկանդինավյան առասպելների ստեղծողները ծանր էին տանում այդ իրադարձությունները:



Թաղումների ժամանակ խնջույքն ու անգամ օրգիան շատ հին ժողովուրդների մոտ ընդունված արարողակարգ էին: Մահը սպառնում էր ցեղի ամբողջականությանը, և ծիսական խրախճանքի ժամանակ ցեղը վերականգնում էր իր միասնականությունը:



Բրոնզե դարից՝ մ.թ.ա. Ա հազարամյակի կեսերից, գերմանական ցեղերը բնակվում էին Սկանդինավիայում և Հարավային Մերձբալթիկայում: Հարավային Սկանդինավիայում պահպանված ժայռապատկերները այն հեռավոր ժամանակներից մեզ են հասցնում քարի վրա ցայտուն պատկերված ծիսական երթերը և հին գերմանական աստվածությունների մարտերը:



Դժվար է ասել, թե հատկապես ինչ հավատալիքներ էին ընկած դրուիդական պաշտամունքի հիմքում, ինչպիսին է եղել կելտերի կրոնական հայացքների համակարգը և որ աստվածներին էին նրանք պաշտում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դրուիդների ուսմունքի հիմնական բովանդակությունն այժմ համարվում է ընդմիշտ կորած, այլ նաև այն պատճառով, որ դրուիդների ուսմունքն ու հին կելտերի հավատալիքները միշտ չէ, որ համընկնում էին:



Դրուիդների հիմնական պարտականությունը ոչ պատմական ավանդությունների պահպանումն էր, ոչ բնական բժշկության հիմունքների գիտելիքների գործադրությունը և ոչ էլ դատաքննությունը: Նրանց վիճակված էր գլխավորապես ծառայել աստվածներին, կատարել ծես, որը երևում էր բոլորին, բայց որի խոր իմաստն անտեղյակներից աննկատ էր մնում:



Արթուր արքա, Կլոր սեղանի ասպետներ, Մեռլին… Ո՞ւմ ծանոթ չեն միջնադարյան առասպելների թեմաներով վեպերի և ֆիլմերի այս պանծալի հերոսները: Ճշմարտությունն ու թույլերին «առանց վախի և հանդիմանության» պաշտպանող ասպետների դարաշրջանի խանդավառ ոգևորվածությունն այսօր շատերի ուշադրությունն է բևեռում հին Բրիտանիայի պատմության մառախլապատ ժամանակաշրջանի վրա` այն ժամանակների, երբ այնտեղ ապրում էին կելտերը:

