Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի «Իպոլիտոս և Արիսիա» օպերան ստեղծվել է ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության:
1732 թվականի դեկտեմբերից ոչ ուշ՝ մեկենաս Լը Ռիշ դը լա Պուպլինիորը Ռամոյին ծանոթացնում է աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրենի հետ: Վերջինս հանձն է առնում Ռամոյի համար օպերայի լիբրետո գրել՝ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության հիման վրա:
1733 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայում (այժմ՝ Փարիզի ազգային օպերային թատրոն) տեղի է ունենում «Իպոլիտոս և Արիսիա» օպերայի առաջնախաղը:
Օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

