«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Թեև «իմպերիալիզմ» եզրույթը հարաբերականորեն նոր է, բուն երևույթը՝ ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նվաճումն ու նրանց հետագա շահագործումը, աշխարհի չափ հին է: Միջագետքի և միջերկրածովյան հնագույն քաղաքակրթությունների պատմությունը միմյանց փոխարինող կայսրությունների անընդհատ հերթագայություն է՝ Բաբելոն, Ասորեստան, Կյուրոսի հիմնադրած Աքեմենյան տերություն, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն…

