«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Ինչո՞ւ են մարդիկ պայմանագրեր կնքում: Եթե պայմանագիրն ազնիվ է, երկու կողմն էլ կարծում են, որ որոշակի առավելություններ ձեռք կբերեն: Դուք համաձայնում եք միևնույն տեղը գնալ երկուշաբթիից ուրբաթ և այնտեղ մնալ ժամը 9-ից մինչև 17-ը, որովհետև ձեր գործատուն համաձայն է դրա համար ամսական որոշակի գումար վճարել: Ընդհանուր առմամբ, արժե կամավոր կերպով սահմանափակել սեփական ազատությունը հանուն որոշակի բարիքների:

