«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Իր հռչակավոր «Լեդի Չատերլեյի սիրեկանը» վեպում անգլիացի գրող Դեյվիդ Հերբերտ Լոուրենսը երկրային անգլոսաքսոնական տերմինաբանությամբ բացեիբաց, բայց բանաստեղծորեն ներկայացնում է ամուսնացած արիստոկրատ կնոջ սիրավեպն իր ամուսնու մոտ աշխատող հասարակ անտառապահի հետ: 1928 թվականին գրված այդ վեպը գրեթե երեք տասնամյակ չէր տպագրվում հեղինակի հայրենիքում:

