Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը, ամերիկյան անապատների հնդկական բազմակիլոմետրանոց ցնցող «պատկերները», նրբաճաշակ չինական կերպարվեստը, ճապոնական զարմանալի իկեբանայի արվեստը և քարե այգիների կառուցուածքը և, վերջապես, համաշխարհային գրականության, երաժշտության, նկարչության և պարարվեստի զգալի մասը: Սրբազան ավանդությունների և առասպելների, տարօրինակ, արտասովոր ծեսերի և սովորոյթների մեջ ընկղմվելով՝ դուք կարող էք «Վէմ» ռադիոկայանի հետ թափանցել վեհասքանչ տաճարների կամարներից ներս, գտնվել տարբեր ժողովուրդների հին սրբավայրերի, սրբազան ծառերի հովանու տակ, իմանալ՝ ինչ կրոն են նրանք դավանում, ինչ կյանքով են ապրում, ինչպես են ընկալում աշխարհն ու իրենք իրենց, ինչ և ինչպես են պաշտում:

Ոգիները բնակություն էին հաստատում ոչ միայն անտառներում և ջրերում: Հայտնի է դոմովոյ՝ տնապահ կամ պարզապես տնային ոգին: Համարվում էր, որ տնապահը ապրում էր կամ վառարանի տակ, կամ նրա համար վառարանի վրա կախված տրեխում: Դոմովոյին նոր տուն տեղափոխում էին կճուճի մեջ՝ հին վառարանի ածուխների հետ՝ միաժամանակ կրկնելով. «Տնապահ, տնապահ, գնանք ինձ հետ»: Տնապահը հովանավորում էր տնտեսությունը: Եթե տանտերերը ջանասեր էին, նա բարիքին բարիք էր ավելացնում, իսկ ծուլության համար պատժում էր փորձանքով:

