

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին լույս տեսած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։


Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին տեր հոր ստեղծած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։


- անգլերեն հրատարակություն
- Անգլերեն թարգմ. և ներածությունը՝ Թոմաս Սամուելյանի
- «Վէմ», Երևան, 2002 թ., 505 էջ
Գիրքը ներկայացնում է 10-րդ դարի հայոց մեծանուն սրբի՝ Գրիգոր Նարեկացու աղոթագրքի բոլոր 95 աղոթքների անգլերեն թարգմանությունը: Այն նույնությամբ կրկնում է նախորդ՝ 2001 թ. «Վեմի» կողմից հրատարակված երկլեզվյան աղոթագիրքը, բայց առանց գրաբար բնագրի և փոքր ձևաչափով: Թարգմանության համար հիմք է ծառայել 1985 թ.-ին Պ. Խաչատրյանի և Ա. Ղազինյանի աշխատասիրությամբ լույս տեսած քննական բնագիրը: Ներկա անգլերեն թարգմանությունը մի փորձ է անգլիախոս հասարակությանն առաջին անգամ ներկայացնելու սբ Գրիգորի ամբողջական աղոթամատյանը:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 317 էջ
Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երկրորդը` կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի կողմից: Այս հատորի` 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները: Այն ամփոփում է Հայոց Եկեղեցում հիշատակվող այն սրբակենցաղ անձանց, ովքեր հիշատակվում են նաև այլ պատմական Եկեղեցիներում` հունադավան կամ կաթոլիկ: Հատորը սկսվում է բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը գլխավորապես խոսում է քրիստոնյաների դեմ հալածանքների պատմական գլխավոր շրջանների մասին: Հատորը եզրափակվում է հավելվածով, ուր ներկայացված են նաև մի շարք այնպիսի համաքրիստոնեական նշանավոր սրբեր, որոնք չեն մտել Հայոց Եկեղեցու տոնացույց:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 429 էջ
Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացոյց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երրորդը։ Այն ամփոփում է հայազգի կամ Հայոց հողում իրենց կյանքն ապրած կամ նահատակված սրբակենցաղ անձանց։ Այս հատորի՝ 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է։ «Հայազգի սուրբեր»-ի ներկա հրատարակության մեջ նրա խմբագրի՝ պրոֆ. Պարույր Մուրադյանի կողմից կատարվել են որոշ շտկումներ, կրճատումներ, յուրաքանչյուր վարքագրական նյութից հետո համալրվել է նրա հիմնական պատմական աղբյուրների ցանկը, և հատորի վերջում դրվել է հավելված՝ Շնորհք պատրիարքի կողմից չհիշատակված մի քանի այլ հայազգի սրբերի համառոտ վարքերով։ Հատորը սկսվում է հոգեշահ ներածականով և ավարտվում հրեշտակաբանությանը նվիրված հավելվածով՝ դարձյալ Շնորհք պատրիարքի հեղինակությամբ։


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 235 էջ
Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից առաջինը՝ կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստվանի կողմից։ Այս հատորի՝ 1997 թ. հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները։ Այն ամփոփում է Հին և Նոր Կտակարաններում հիշատակված սրբակենցաղ անձանց՝ նախահայրեր, նահապետեր, անապատի առաջնորդներ, դատավորներ, մարգարեներ, առաքյալներ և այլն։ Հատորը սկսվում է հոգեշահ ու բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը խոսում է սրբության գաղափարի, սրբերի և նրանց հիշատակության վերաբերյալ։


- Աշխարհաբար թարգմանությունը և ներածությունը՝ Մեսրոպ քհն. Արամյանի
- Խմբագիր՝ Սեդա Ստամբոլցյան
- Տեխնիկական խմբագրումը և էջադրումը՝ Աշոտ Մովսիսյանի
- Շապիկը՝ Արմեն Քյուրքչյանի
Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ / Աշխարհաբար թարգմանութիւնը եւ ներածութիւնը՝ Մեսրոպ քահանայ Արամեանի; Խմբ.՝ Սեդա Ստամբոլցեան. – Եր.: Գանձասար, 2010. – 216 էջ:
Ներկայացվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սրբազան Պատարագի գրաբար բնագիրը զուգահեռ աշխարհաբար թարգմանությամբ: Համառոտ ներածությամբ ծանուցվում են սբ Հաղորդության խորհուրդը, հայկական Պատարագի կառուցվածքը և պատմությունը, ինչպես նաև արարողության առանձին մասերի խորհրդաբանությունը՝ ըստ հայ մեկնաբանական աղբյուրների և բնագրագիտական քննության:
Նրանց համար, ովքեր ցանկանում են հայ հոգևոր ժառանգությանը ծանոթանալ ներսից և ճանաչողաբար մաս կազմել Եկեղեցու սրբազան իրականության:


- «Գանձասար», 2000 թ.
- Աղոթագիրքը հրատարակվել է երկու չափով. մեկը (508 էջ)՝ բավականին փոքր՝ գրպանում տեղավորվելու չափով, և հաստ կազմով, իսկ մյուսը (357 էջ)՝ էջի փոքր-ինչ ավելի մեծ չափերով, բայց ավելի բարակ կազմով:
Աղոթագրքի այս նոր հրատարակությունը տարբերվում է նախորդից թե՛ բովանդակությամբ, թե՛ կառուցվածքով: Բուն աղոթարանը կազմված է «Ամենօրյա», «Դավանական», «Ապաշխարության», «Բարեխոսական» և «Տարբեր» աղոթքների բաժիններից: Հատկապես առաջին բաժինը կազմված է հիմնականում հայոց ժամագրքում տեղ գտած աղոթքներից ու սաղմոսներից՝ նախատեսված օրվա տարբեր հատվածների համար՝ առավոտվա, միջօրեի, երեկոյի և հանգստյան ժամի: Ինչպես և նախորդ աղոթագրքում, այստեղ ևս, աղոթարանի տարբեր բաժիններում, տեղ են գտել հիմնականում Հայոց և ընդհանրական Եկեղեցիների հայրերի աղոթքները:
Գիրքն ունի հավելված, որում ներկայացված են թե՛ Եկեղեցու հայրերի խրատները աղոթքի և աղոթական արվեստի վերաբերյալ, թե՛ մի շարք այլ խրատական հոդվածներ՝ նվիրված տասը պատվիրաններին, երանիներին, Եկեղեցու խորհուրդներին, առանձնական աղոթքի կազմակերպմանը, եկեղեցում քրիստոնյայի վարվելակերպին և այլն: Աղոթագիրքը եզրափակվում է Անանիա Նարեկացու երկու խրատական գրվածքով՝ «Խորհուրդների մասին» և «Խրատ խոնարհության մասին»:


- Յօրինեալ ի Սրբոց Թարգմանչաց մերոց եւ Հայրապետաց եւ Վարդապետաց
- Ա հատոր
- Աշխատասիրութեամբ՝ Ստեփան Ռոստոմեանի (խմբագիր), Խորէն Պալեանի, Արամ Պետրոսեանի, Սոնա Յովհաննիսեանի
- Առաջաբանը՝ Աննա Արեւշատեանի, Լեւոն Յակոբեանի
- 1997 թ., 514 էջ
Սույն հատորը Հայոց Եկեղեցու պաշտոնական ծիսական մատյաններից մեկի` Շարակնոցի գիտական համեմատական հրատարակությունն է եվրոպական ձայնանիշերով: Որպես հիմք է ծառայել հիմնականում 19-րդ դարում Ն. Թաշճյանի` հայկական ձայնանիշերով հրատարակած Շարակնոցը, սակայն նրանում եղած տարբերակները համեմատվել են նաև այլ տպագիր ու ձեռագիր շարակնոցների ընձեռած նյութի հետ: Սույն հատորն ընդգրկում է ամբողջական Շարակնոցի մի մասը միայն` 20-ից ավելի կանոն, որոնք են` Աստվածածնի ծննդյան եւ ավետյաց տոների, Աստվածահայտնության ութօրեքի, Տյառնընդառաջի, ինչպես նաև մի շարք սրբերի (Անտոն անապատական, Թեոդոս թագավոր, Տրդատ թագավոր, Դավիթ մարգարե եւ Հակոբոս Տյառնեղբայր, Ստեփանոս Նախավկա, Պետրոս և Պողոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներ, համորեն առաքյալք, երկոտասան առաքյալք, 72 աշակերտք) կանոնները: Հատորի ներածությունը նվիրված է ընդհանրապես հայոց հոգևոր երգարվեստի և մասնավորապես` Շարակնոց ժողովածուի պատմությանը:


- 1995 թ., 400 էջ
Գիրքը 19-20-րդ դդ. անվանի հայագետ Նիկողայոս Մառի` մի շարք հայագիտական խնդիրների նվիրված ռուսերեն հոդվածների ժողովածուն է` ֆաքսիմիլային հրատարակությամբ: Ժողովածուն կազմել և նախաբանը գրել է պրոֆեսոր Պարույր Մուրադյանը: Հոդվածները նվիրված են, մասնավորապես, հայագիտության խնդիրներին և հայ-վրացական բանասիրության խնդիրների միասնականությանը, Սուրբ Գրքի հայ-վրացական խմբագրություններին, հայ քաղկեդոնականներին: Ժողովածուի համար իբրև վերնագիր է ծառայել ժողովածուում ընդգրկված հոդվածներից մեկի անվանումը: Գրքի վերջում դրված է նաև Մառի ինքնակենսագրությունը` գրված 1927 թ.-ին:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն
- Հտ. Ա, 1995 թ., 401 էջ
- Հտ. Բ, 1999 թ., 383 էջ
- Կազմող՝ Շ. Լ. Խաչիկեան
Սույն երկհատորյակում հավաքված են անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունները: Առաջին հատորի նյութերը նվիրված են հայոց միջնադարյան մատենագրության նորահայտ կամ սակավ քննարկված խնդիրների ուսումնասիրությանը` դպրության նախամաշտոցյան շրջանից մինչև ԺԸ դար: Հատորում ներկայացված են պատմաբանասիրական կարևորություն ունեցող բնագրեր, կատարված են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ:
Երկրորդ հատորում ամփոփված են հեղինակի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը, ինչպես նաև Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնին նվիրված ուսումնասիրությունները:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1992 թ., 61 էջ
- Թարգմանութիւնը՝ Սեդա Ստամբոլցեանի, նախաբանը՝ Յակոբ Քեոսէեանի
Սա Հայոց Եկեղեցու մի յուրահատուկ և խիստ հոգեշահ քրիստոնեական է: Ժամանակին այն համարվել է սբ Գրիգոր Նարեկացու գործը և տպագրվել նրա երկերի ժողովածուի մեջ: Սակայն հետագա քննությունները պարզել են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Գրիգոր Սկևռացու (1160/70-1230 թթ.)` Ներսես Լամբրոնացու աշակերտի գրչին: Գիրքը սկզբում համառոտաբար ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանանքը` Սուրբ Երրորդություն, Քրիստոսի մարդեղության խորհուրդը, և այն կարևոր վարդապետական դրույթները, որոնց հավատալը պարտադիր է քրիստոնյայի համար, այնուհետև խոսում է առաքինությունների և մոլությունների մասին, որոնցով է քրիստոնյան արժանանում փրկության:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 104 էջ
Գիրքը մի ժողովածու է` կազմված Հայոց Եկեղեցու սրբերի և սրբակենցաղ հայրերի հեղինակած բարոյախրատական բնույթի գրվածքների արևելահայերեն թարգմանություններից, որոնց մեծ մասը լույս է տեսել «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի տարբեր հրատարակություններում: Ժողովածուում տեղ են գտել սրբեր Գրիգոր Լուսավորչի, Եղիշե վարդապետի, Հովհան Մանդակունու, Գրիգոր Տաթեւացու, ինչպես նաև Խոսրով Անձևացու, Անանիա Նարեկացու և Գրիգոր Վկայասերի` ընդհանուր թվով 12 ճառ ու խրատական գրվածք: Անանիա Նարեկացու և Գրիգոր Վկայասերի գործերն արևելահայերեն թարգմանությամբ ներկայացվում են առաջին անգամ: Թարգմանությունները կատարել են Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, Տիգրան Խաչատրյանը, Սեդա Ստամբոլցյանը, Մարթա Արաբյանը, Խաչիկ Գրիգորյանն ու Աշխեն Յուզբաշյանը:


- «Գանձասար», 1999 թ., 416 էջ
- Կազմող և խմբագիր՝ Պավել Չոբանյան
Գիրքը վերահրատարակությունն է Մակար եպս-ի երկու ուսումնասիրությունների, որոնք ունեն եզակի պատմագիտական և աղբյուրագիտական նշանակություն: Հեղինակը, որ ապրել է 19-րդ դարում և ծնունդով եղել արցախցի, անձամբ շրջել է պատմական Աղվանքի և Արցախի տարածքներում և մանրամասն տեղեկություններ է հաղորդում բնաշխարհի, բնակչության, պատմական հուշարձանների, ձեռագրերի, վիմական արձանագրությունների վերաբերյալ, ներկայացնում բանավոր ավանդություններ:


- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1994 թ., 144 էջ
«Քրիստոնեական» բառն իր կիրառությամբ համապատասխանում է եվրոպական լեզուներով հայտնի «կատեխիզմ» բառին: Այն հակիրճ և մատչելի լեզվով, ուսումնական նպատակներով, ներկայացնում է որևէ Եկեղեցու ուսմունքին և ներքին ու արտաքին աստվածպաշտությանը վերաբերող այն կարևոր գիտելիքները, որ պիտի ունենա տվյալ Եկեղեցուն պատկանող քրիստոնյան: Ներկայացվող քրիստոնեականը հարցուպատասխանի տեսքով ներկայացնում է Հայոց Եկեղեցուն վերաբերող գլխավոր կրոնական գիտելիքները: Գրքի հիմքում ընկած է Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանի «Քրիստոնեականը», որը «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի կողմից ենթարկվել է զգալի փոփոխությունների` ընդհանուր կառուցվածքի պահպանմամբ: