Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Զմմառի Սբ Տիրամոր հայ կաթոլիկ վանքը հիմնվել է 1750-ին Լիբանանի Զմմառ (Բզոմմար) գյուղում հայ կաթոլիկ պատրիարք Հակոբ Պետրոս Բ-ի (1749-1753) օրոք։ Այն գործող վանք է, ունի հարուստ մատենադարան՝ 2000 ձեռագրով և 900 հայ հնատիպ գրքով։ Նրա մայր տաճարը կառուցվել է 1771-ին։ Վանքում գտնվում է Տիրամոր մի հին, հրաշագործ համարվող պատկեր, որն ամփոփելու համար 1940-ին կառուցվել է մատուռ։

