Արժէքներ

Ազգային արժէքների մասին խօսելը դարձել է նորաձեւ: Սովորաբար այդ խօսակցութիւններն արդիւնք չեն հետեւողական փնտրումների եւ սեղանային մտքի մակերեսային առկայծումներից անդին չեն անցնում: Այսուհանդերձ, մարդիկ ինչ-որ չափով, իրենց գիտակցութեան մի անկիւնում, կարեւորում են դրանց գոյութիւնը` յամառօրէն հաւատալով, որ այդ արժէքները կան, դրանք յատուկ մերն են, յաճախ` «մենք ուրիշ ենք» նշանաբանով: Խնդիրը յստակեցման կարիք ունի, եթէ չասեմ` գոյաբանական իմաստաւորման:
Սկսենք սահմանումից: Արժէքները տուեալ ժողովրդի կեանքում բիւրեղացած, ամրագրուած եւ սրբադասուած ճշմարտութիւններն են: Համարւում է, որ ազգային ինքնութիւնը խարխսուած է այդ արժէք-սրբութիւնների վրայ, եւ բնականաբար իւրաքանչիւր անհատ՝ որպէս հասարակութեան մասնիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար գտնւում է դրանց փոխազդեցութեան դաշտում: Աւելին, սեփական արժէքների շուրջ համախմբուածութիւնը յայտարարն է տուեալ ազգի հոգու զօրութեան եւ ներքին ամրութեան:
Ամէն ինչ ունի իր գինը, յատկապէս` արժէքները: Որպէս կանոն՝ դրանք ունեն ձեւաւորման եւ բիւրեղացման պատմական հետագիծ. դրանց համար սերունդները պայքարել են, մաքառել, զոհաբերել եւն: Սա նշանակում է, որ իւրաքանչիւր ոք բարոյական պատասխանատւութիւն է կրում այդ արժէքների նկատմամբ: Արժէքն արժեւորւում է, երբ այն ապրում ես, ունես դրա սեփական փորձառութիւնն ու դրա հանդէպ պատասխանատւութիւն: Իսկ կրաւորական անտարբերութիւնը պարսաւելի է, եթէ ոչ` դատապարտելի: Ճշմարտութիւնը կամ ապրում ես, կամ էլ այն դառնում է քո իսկ դատապարտութիւնը:
Ազգային արժէքների մասին խօսելիս պէտք է նկատի ունենալ, որ դրանք, ըստ էութեան, համամարդկային են: Փոքր-ինչ բացառութեամբ, օրինակ, հայրենիքը արժէք է բոլորի համար: Սակայն հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը ունի իր երանգները տարբեր մշակոյթներում: Եւ հէնց այստեղ էլ ի յայտ են գալիս առանձնայատկութիւնները: Հայրենասիրութիւնն ի՞նչ աղերսներ ունի ծնողասիրութեան, եղբայրասիրութեան, մարդասիրութեան եւ առհասարակ սիրոյ հետ: Եթէ չունի, ապա կարող է դառնալ վտանգաւոր: Եթէ մեր եղբօրը չենք սիրում, մեզանից ի՞նչ հայրենասէր: Սա նշանակում է, որ ազգային արժէքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համար անհրաժեշտ են համապատասխան մարդկային արժէքներ: Պէտք է մարդ լինել, եւ հարկ է հասկանալ, թէ ո՛վ է մարդը:
Դարերով մարդուն սահմանել են որոշակի արժէքներով կամ աւելի ստոյգ` առաքինութիւններով: Մարդ ասելով` հասկացել են որոշակի առաքինութիւնների կրիչ: Օրինակ` հին յունական իմաստասիրութիւնը մարդուն սահմանում է ըստ չորս մարդկային առաքինութիւնների` արդարութիւն, խոհականութիւն, արիութիւն եւ ողջախոհութիւն: Վերջին երեքը վերաբերում են մարդու եռակարգ բնոյթին (բանական, կամային եւ ցանկական), իսկ առաջինը` ամբողջութեանը: Մարդու այս իմաստասիրական պատկերը նորպլատոնականութեան միջոցով որդեգրուել է նաեւ քրիստոնէական աստուածաբանութեան կողմից` երեք աստուածային առաքինութիւնների` հաւատքի, յոյսի, սիրոյ յաւելմամբ: Ընդամէնը այսքանը: Մարդկային կեանքում ցանկացած բարիքի դրսեւորում կարելի է դուրս բերել այս հիմնարար առաքինութիւններից: Ուստի արժէքների սիրահարները պէտք է հասկանան, որ պէտք է դուրս գալ բաղադրեալ հասկացութիւնների շփոթից եւ տեսնել մարդու՝ դարերով բիւրեղացած պատկերը:
Այստեղ պէտք է շեշտել, որ մարդուն բնութագրելու համար «առաքինութիւն»-ն աւելի ստոյգ եզր է, քան «արժէք»-ը: Առաքինութիւնն ապրուած, կենդանի եւ բարոյական լիցք ունեցող արժէքն է: Այսինքն` առաքինութիւնը բարիքի տեսական դրոյթ չէ, այլ կենդանի մարդուն բնութագրող հիմնարար սկզբունք եւ վիճակ: Իսկ արժէքը երբեմն տեսական եւ վերացարկուած է, երբեմն` մեռած, հետեւաբար չի կարող լինել մարդու ապրումային ներաշխարհի նրբութիւնների արտայայտիչ: Աւելին` առաքինութիւնը մարդուն բնութագրող ստատիկ ճշմարտութիւն չէ, այլ մարդու իմացական եւ բարոյական աճն ապահովող իդէալ, որն անընդհատ բացում է մեզ դէպի ճանաչողութեան եւ կատարելագործման անսահմանութիւնը: Հետեւաբար, առաքինութիւնները մարդկային կեանքի զարգացման դինամիկ ուղենիշներն են: Յիշում եմ մի կորէացի պրոֆեսորի յանդիմանութիւնը «Կրթութիւն 2015»-ի քննարկումների ժամանակ: Նա զարմացած հարցրեց. «Ինչո՞ւ էք այդքան սիրում խօսել արժէքներից: Մենք Կորէայում նախընտրում ենք խօսել առաքինութիւններից»:
Մարդու պատկերի յստակեցումը յատկապէս կարեւոր է կրթութեան ոլորտում: Ի՞նչ մարդ ենք պատրաստւում կերտել: Ի՞նչ ենք փոխանցում յաջորդ սերնդին: Որքանո՞վ է դա չափելի եւ գնահատելի: Սա նշանակում է, որ կրթական ծրագիրը պէտք է ապահովի մարդու զարգացման յստակ, գործնական եւ իրատեսական հնարաւորութիւններ: Կրթական ծրագիրը լաւ ցանկութիւնների եւ բարեմաղթանքների հռչակագիր չէ, այլ սովորողի իրագործելի վերջնարդիւնքներով քարտէզագրուած փաստաթուղթ: Ժամանակակից տեղեկատւութեան ծաւալների մէջ մենք վերջնականապէս կը մոլորուենք, եթէ կրթական ծրագրերը սահմանափակուեն սոսկ առարկայական գիտելիքի պահանջներով:
Նոյնիսկ գալով գիտելիքին` պէտք է նախ այն տարբերել տեղեկատւութիւնից եւ հասկանալ, որ այս երկու հասկացութիւնների միջեւ հսկայական տարբերութիւն կայ: Մեզ երբեմն թւում է, որ բաւական է սերմանել, եւ բերքն ինքնըստինքեան ապահովուած է: Աստուծոյ պահած ենք, հրաշքով մի բան կը ստացուի: Ես չեմ ասում, թէ հրաշքներին պէտք չէ հաւատալ: Պէտք չէ հրաշքի վրայ հաւատք կառուցել, որովհետեւ հաւատքը շատ աւելի խոր բան է: Իսկ մեծագոյն հրաշքը մարդու ամենօրեայ վերափոխումն ու կատարելագործումն է: Սա արդէն կրթութեան ասպարէզն է, որը հիմնուած է կատարելութեան հասանելիութեան հաւատքի վրայ: Դպրոցները պէտք է մտածեն, թէ ինչ ոգու կրիչ են եւ թէ այսօրուայ հաղորդակցուած աշխարհում ինչ կարող են տալ սովորողին, որը նա դպրոցից դուրս չի կարող գտնել: Արդեօ՞ք նրանք տալիս են թռչելու թեւեր` յաղթահարելու առօրէականութիւնը, թէ կտրում են թեւերը՝ սովորողին համապատասխանեցնելու առօրէականութեանը: Դպրոցը դպրոց է նախեւառաջ սովորելու շունչով եւ ստեղծարար ներուժով. այն ոչ միայն պէտք է ապահովի որոշակի հարստութիւններ ժառանգելու հնարաւորութիւն, այլեւ նորը կերտելու եւ ծածուկը յայտածելու նախանձախնդրութիւն:
Վերջապէս, ո՞վ է այս գերկարեւոր խնդրի վերջնական պատասխանատուն: Եթէ ուսուցիչն է, ապա արդեօ՞ք պատրաստում ենք այդպիսի ուսուցչի եւ զինում անհրաժեշտ գործիքներով: Այս հարցադրումները նրա համար չեն, որ յուսահատուենք, այլ որպէսզի հասկանանք եւ գործենք: Միայն թէ գիտակցելով, որ կրթութիւնը փորձադաշտ չէ: Այստեղ տալու համար պէտք է նախ ունենալ: Իսկ եթէ ունես, պէտք է տալու արուեստին տիրապետես: Ուզում եմ շեշտել, որ կրթութիւնը արուեստների արուեստ է, որովհետեւ նրա ատաղձը մարդու հոգին է: Իհարկէ, միշտ չէ, որ բոլոր երանիները մէկ տեղում են լինում, սակայն այս դէպքում լաւագոյն որակների խտացումը հրամայական անհրաժեշտութիւն է: Ժամանակակից աշխարհը լի է գայթակղութիւններով, որոնք ստեղծում են տարբեր մտածելակերպային պատրանքներ: Օրինակ` աղբիւրների հասանելիութիւնը յաճախ պատրանք է ստեղծում, թէ գիտելիքը փողոցներում շաղ է տրուած եւ մնում է ձեռքը մեկնել ու վերցնել:
Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ունենան իրագործուելու լաւագոյն հնարաւորութիւն: Նոյնիսկ նրանք, ովքեր մոլորուած են յարաբերական սկզբունքների անորոշութիւնների մէջ եւ սեփական կեանքը դարձրել են փորձադաշտ, իրենց հոգու խորքում չեն ուզում, որ իրենց երեխաների կեանքը դառնայ փորձադաշտ: Դրա հաւանականութիւնը բաւականին մեծ է, քանի դեռ մեզ շրջապատում են կեղծ արժէքների որոգայթներ եւ «լաւ կեանքի» խաբկանքներ: Եթէ հաճոյամոլութիւնը եւ նիւթապաշտութիւնը քարոզւում են ամէն քայլափոխի եւ դառնում հասարակութեան իդէալ, ապա այդ հասարակութիւնը չի կարող սահմանել բարձր նպատակներ եւ շարունակելու է մասնագիտական միջակութեան եւ բարոյական խեղճութեան վերարտադրութիւնը: Յանձնուելը եւ համակերպուելը «ունենք այն, ինչ ունենք» բանաձեւին համազօր է մահուան: Միակ ճանապարհը ոտքի կանգնելն է, սեփական հիմքերն ամրապնդելը եւ ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում ճիշտ արժէքային շեշտեր կատարելը, որպէսզի մեր երեխաների համար յստակ ճանապարհ հարթենք:
Մարդը սոսկ վերջաւոր եւ սահմանափակ խնդիրներ լուծող էակ չէ: Նա յաւիտենական կեանքի ճամփորդ է: Նա գիտակ-ցաբար կամ ենթագիտակցաբար երկխօսութեան մէջ է աստուածային յաւերժի եւ անսահմանութեան հետ: Աւելին, այս գոյաբանական երկխօսութիւնն է, որ նրան մարդ է դարձնում: Սա մարդու աստուածային պատկերն է: Ես չեմ ուզում բարդացնել, այլ, ընդհակառակը, պարզեցնում եմ: Վերջաւորի լուծումը վերջաւորութեան մէջ չէ, այլ անվերջի: Փոքր խնդիրը լուծելու համար պէտք է տեսնել մեծ պատկերը եւ փոքրութեան բարդոյթից դուրս գալ: Կրթութեան գլխաւոր առաքելութիւնն է մարդու սրտում վառել ընդմիշտ ճանաչելու կրակը եւ նրան դարձնել ճշմարտութեան յաւերժ փնտրող:

  • Տ. Մեսրոպ քհն. Արամեան