«Վեմ»-ը հեռարձակում է խորքային քննարկումներ, հեղինակային լուսաբանություններ և ընթերցումներ` հոգևոր, աշխարհայացքային, մշակութային, կրթական հիմնահարցերի վերաբերյալ:
«Վեմ»-ը դասական երաժշտության ռադիոկայան է: «Վեմ»-ի ձայնադարանն ունի համաշխարհային դասական երաժշտության լավագույն կատարումների ավելի քան 30 հազար միավոր, որոնք մշակվել և հեռարձակվում են հայերեն բացում-փակումներով:
«Վեմ»-ի եթերում մեծ տեղ է զբաղեցնում հայ դասական և հոգևոր երաժշտությունը: Ձայնադարանի մաս են կազմում նաև «Վեմ» ստուդիայի ձայնագրած հայ հոգևոր և դասական երաժշտության բազմաթիվ բարձրակարգ կատարումներ:
Հայերեն «վեմ» բառը նշանակում է «ժայռ, մեծ քար», նաև «հիմք, հաստատություն»:
Հոգևոր եզրաբանության մեջ վեմը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նաև նշանակում հավատամք, դավանություն և հավատքի գլխավոր սկզբունքների ամբողջություն: Ընդհանուր առմամբ` «վեմ» նշանակում է գոյության հիմք կամ մարդկային կյանքի հիմնարար արժեքներ:
Մեր անունը մեր առաքելության հայտարարն է: Մեր գործունեությունը նվիրված է մարդկային կյանքի հիմնարար հասկացությունների և արժեքների լուսաբանմանը, հոգևոր գիտակցության ամրապնդմանը, հայ ինքնության և մշակույթի պաշտպանությանը:
«Վեմ»-ը հաղորդումները սկել է եթեր հեռարձակել 2002 թ. հունվարից, իսկ ռադիոկայանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2002 թ. ապրիլի 7-ին:
«Վեմ»-ի ծրագրերի հիմքում «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի հարուստ ժառանգությունն է: «Գանձասարի» հրատարակություններն աղբյուր են հանդիսացել «Վեմ»-ի բազմաթիվ հաղորդումների համար:
2003 թ. «Վեմ» ռադիոկայանը հիմնեց իր ձայնագրման ստուդիան: «Վեմ»-ն իրականացրել է հայ հոգևոր երաժշտության բարձրորակ ձայնագրություններ ինչպես ստուդիայում, այնպես էլ Հայաստանի միջնադարյան եկեղեցիներում ու վանքերում:
«Վեմ»-ի ստուդիաների ձևավորման համար հանրապետական «Ակուստիկ» գիտական կենտրոնը 2004 թ. մարտին արժանացել է «Եվրոպայի կամար» («The Arch of Europe») ոսկե մրցանակին` «Որակ և տեխնոլոգիաներ» անվանակարգում:
2004 թ. «Վեմ»-ը ստեղծեց «Վեմ մեդիա արվեստներ» տեսարտադրության ստուդիան, որը թողարկել է բազմաթիվ ֆիլմեր և հեռուստահաղորդումներ:
2010 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց միջազգային մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Սուրբ Երկրում հայերի դարավոր ներկայության մասին։
2014 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց «Գիրքը» ֆիլմը։
2019 թվականին «Վեմ»-ը հրատարակեց Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյանի թարգմանությամբ:
2022 թ. «Վեմ» ռադիոկայանը և «Այբ» կրթական հիմնադրամը սկսեցին «Ինքնություն և արժեքներ» քննարկումների շարքը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից:
«Վեմ» ռադիոկայանի գործունեությունն իրականացվում է «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի կողմից: