Գիրք Առակաց
«Առակաց» գիրքը, որ կոչվում է նաև «Սողոմոնի առակների գիրք», Իսրայելի Սողոմոն թագավորին վերագրված աստվածաշնչյան մի քանի գրքերից մեկն է։ Այն կյանքի և բարեպաշտության իմաստուն խորհուրդների ու խրատների չհնացող գանձարան է։ Առակների այս ժողովածուի նպատակը «իմաստությունն ու խրատը ճանաչելն ու հանճարեղ խոսքերը հասկանալն է»։ Այս նախադասությամբ է սկսվում «Առակաց» գիրքը, և այս նախադասությունը մեզ՝ հայերիս համար ունի հատուկ նշանակություն։ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». դեռ դպրոցական տարիքից մեզ քաջածանոթ այս խոսքը հայերեն տառերով գրված առաջին նախադասությունն է, իսկ «Առակաց» գիրքը՝ աստվածաշնչյան առաջին գիրքը, որ հայացավ՝ թարգմանվելով հայերեն։