Հայկական ձայնագրության համակարգչային գործիքներ
Տառաստեղծ Ռուբեն Թարումյանի և «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի համագործակցությամբ ստեղծվել են հայկական (լիմոնջյանական) ձայնագրությունը համակարգչային շարվածքով ներկայացնելու գործիքներ՝ ազատ տարածվող համապատասխան տառատեսակ (LimonjianNotation) և ստեղնաշարային դասավորվածք։ Հուսանք՝ սա կնպաստի մեզանում նոտագրման հայկական համակարգի վերազարթոնքին ու տարածմանը։
Հայկական ձայնագրությունը մի ազգային հարստություն է, որն ունի պահպանման ու տարածման կարիք. ամեն ժողովուրդ չէ՛, որ ունի նոտագրման սեփական համակարգ։ Ստեղծված լինելով 19-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում՝ հայկական նոտագրման համակարգն ամբողջ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին արդյունավետորեն ծառայել է հայ երաժշտական մշակույթի հարստությունները կորստից փրկելուն։ Այս համակարգով են գրի առնվել և հրատարակվել հայ հոգևոր երաժշտության համարյա բոլոր կարևոր ժողովածուները, և այս համակարգով է հազարավոր հայ գեղջուկ երգեր գրի առել Կոմիտասը։ Այս համակարգը հետագայում ևս գործածվել է, մասնավորապես Ստամբուլի հայ եկեղեցիներում, սակայն, ցավոք, այլևս չունի այն տարածումն ու կարևորությունը, որ ուներ ժամանակին։ Ուստի հույս ունենք, որ համակարգչային հասանելի գործիքների առկայությունը կնպաստի նոտագրման այս համակարգի վերազարթոնքին։
Հայկական ձայնագրությանը, ինչպես նաև համակարգչում այն գործածելու ձևերին ծանոթացնելու համար ստեղծվել է նաև համառոտ ուղեցույց՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, որոնք, LimonjianNotation տառատեսակի և համապատասխան ստեղնաշարային դասավորվածքների հետ, հասանելի են «Վեմ» ռադիոկայանի կայքում։
«Վեմ» կրթամշակութային հիմնադրամ