Միայնակ մարդը՝ մշակույթի ու հակամշակույթի արանքում
Ի՞նչ է մշակույթը, ինչպե՞ս է այն ձեւավորում անհատին ու ազգային ինքնությունը։ Ինչպե՞ս է սահմանվում հակամշակույթը ու ի՞նչ դրսեւորումներ ունի այն այսօր՝ անհատական բանականության դերի աճի ու մարդու, որպես սոցիալական էակի, մեկուսացման ֆոնին։
Այս հարցերի շուրջ «Այբ» դպրոցում՝ «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպմանը, զրուցել են կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը եւ «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Այբ» դպրոցի համահիմնադիր տեր Մեսրոպ քահանա Արամյանը։
Մշակույթը՝ հոգեղեն, համախմբող ու աստվածային
Արամ Մեհրաբյան
Ես հակված եմ կարծել, որ մշակույթը՝ որպես երեւույթ, բխում է ոգուց, մարմնավորում է ոգին։ Այն կերպ է ստանում, հայտնվում է, այսինքն՝ արտահայտվում է։ Մարդն էլ է փորձում արտահայտվել, եւ տեղի է ունենում մշակույթի եւ մարդու համանմանություն։ Վերջնարդյունքը որոշ դեպքերում անվանում ենք արվեստ, երբ հոգին փոխակերպվում կամ գտնում է իր արտահայտությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ կա հակառակ ճանապարհը. արտահայտվածը փորձում ես հասկանալ հետադարձ կապով, թե ինչ է տեղի ունեցել, որ ոգուց է ծնված այս արդյունքը։ Սա անվանում ենք գիտություն։
Մաշտոցն ասում էր՝ «ճանաչել զբանս հանճարոյ»։ Հանճար բառն այստեղ բացի իմաստությունից, մտքից, ըստ Աճառյանի, ունի նաեւ երկրորդ իմաստը՝ ճանապարհ։ Հետադարձ ճանապարհ՝ հասկանալու բանը, այսինքն՝ ոգին, լոգոսը, բառը։ Ուստի այս ճանապարհորդությունը, կամ Կոստան Զարյանի ասած՝ արվեստի եւ գիտության հոգեկան այս արկածախնդրությունն ամբողջանում եւ դառնում է մշակույթ։
Արամ Մեհրաբյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշակույթը որեւէ հավաքականության՝ ազգի, ցեղի, ժողովրդի, գոյության վկայականն է եւ օրինականացում, որովհետեւ առանց մշակույթի դու դատապարտված ես անհայտության, ուստի նաեւ՝ չգոյության։ Մեր կյանքի մնացած բոլոր բաները՝ կրթություն, տնտեսություն, միտված են մշակույթ ստեղծելուն։
Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Մշակույթը պետք է լինի բարձր մի բան, որը մեզ համախմբի։ Դա պետք է կերտվի, ստեղծվի, դրա համար խնամյալ վերաբերմունք է պետք, տաղանդ, ստեղծագործություն, դրա մեջ պետք է լինի գեղեցիկը, էսթետիզմը, հոգին։ Ես միանշանակ համոզված եմ, որ մշակույթի բուն աղբյուրը հոգեղեն է։ Իրական մշակույթը, որը համախմբում է մարդկանց, աստվածային բնույթ ունի։ Պատահական չէ, որ արվեստի գործերի հիմնական պատասխանատուն դարերով եղել է եկեղեցին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշակույթի հիմքում անպայման պետք է լինի արժեքային աքսիոմատիկ համակարգ։ Մշակույթը պետք է օգնի մարդուն մտածել, կարգավորել իր կյանքը, ինքն իրեն գտնել, կայանալ։ Բայց մշակույթը մի շատ կարեւոր բաղադրիչ էլ ունի՝ մշակութային հարացույցները։ Դրանք խոշոր «շաբլոններն» են կամ մշակույթի ապացուցված թեորեմները՝ գոյություն ունեցող մտածելակերպային, հոգեւոր, կրթական, վարքային «շաբլոններ», որից մենք օգտվում ենք, որովհետեւ մենք չենք կարող անընդհատ գնալ աքսիոմատիկ համակարգ ու էնտեղից գալ-հասնել մեր կետին։ Այդպիսի մշակույթում ապրելն ավելի հեշտ է, քան եթե մշակույթում տիրում է խառնափնթոր իրավիճակ։
Էդգար Բաղդասարյան
Մշակույթը, երևի, ամենակարևոր բանն է, որ մեզ տարանջատում է անասունից։ Անասունը մշակույթ չի թողնում, մենք՝ թողնում ենք։ Ուրեմն՝ ոգին մշակույթ չի ստեղծում, հոգին է ստեղծում՝ մարդը։ Ուրեմն, պայքարը գնում է հոգեւոր դաշտում։
Ցավոք, այսօրվա մշակութային նկարագիրը գալիս է 20-րդ դարի կատակլիզմներից, որը փայլուն ձեւակերպեց Նիցշեն՝ ասելով՝ «Աստված մահացավ»։ Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմները, ցեղասպանությունները… տեսեք՝ մարդկությունն ինչի միջով անցավ։ Ես կարծում եմ, որ դա զուտ մշակութային կոնֆլիկտ է, շատ լուրջ կոնֆլիկտ, որը հասակակից է մարդուն եւ շարունակվում է մինչեւ այսօր։
Էդգար Բաղդասարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարկովսկին ասում էր՝ «Нет Бога, нет искусства»: Պայքարը գնաց այդ ուղղությամբ, հասկացան, որ պետք է բոլոր տաբուները հանել։ Կինոյում դա ակնհայտ երեւում է։ Մեկ-երկու՝ վանում է քեզ, բայց հետո սովորում ես։ Մենք սկսեցինք աննորմալությունն ու անբարոյականությունը նորմալ ընկալել։ Եվ սա զուտ մշակութային խնդիր է։
Հակամշակույթի դրսեւորումները՝ զոմբիզմը, ChatGPT-ն, սեքսն ու բռնությունը
Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Վերջերս մի գիրք էի կարդում, որի հեղինակ Ջոն Վերվեկեն հակամշակութային, ապոկալիպտիկ սիմվոլների շատ հետաքրքիր վերլուծություն է անում եւ ցույց է տալիս, թե դրանք ինչքան են ակտիվացել մարդկային գիտակցության մեջ։ Օրինակ՝ զոմբիզմի երեւույթը։ Այս բառի գործածությունն արեւմտյան աշխարհում էքսպոնենցիալ աճել է, իսկ երբ մարդիկ սկսում են մի բառ շատ գործածել, նշանակում է՝ ինչ-որ առումով իրենց իրականության մեջ այդ գիտակցությունն ակտիվացել է։
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակը նաեւ վերլուծում է բոլոր այն սիմվոլները, որոնք կապված են «զոմբի» հասկացողության հետ, վերլուծում է մի շարք բանալի բառեր, որոնց գործածությունն էքսպոնենցիալ աճել է։ Սա ցույց է տալիս, որ այս բացասական երեւույթները տեղի են ունենում։
Հիմա ի հայտ են եկել մի շարք երեւույթներ, ինչպես ChatGPT-ն, որն ազդում է ամեն ինչի վրա՝ մեր մտածողության, կրթության, անգամ՝ ծրագրավորման։ Այսօր աշխարհում շատ լուրջ մշակութային փոփոխություններ են տեղի ունենում, եւ այս ամենին պետք է ուշադրությամբ վերաբերվենք, որպեսզի ուշ չլինի, հատկապես մենք՝ հայերիս, որ ընդհանրապես անջատում ենք մեզ պատասխանատվությունից ու ասում ենք՝ Աստված մեզ կպահի, Աստծո պահած ժողովուրդ ենք։ Այսպես մտածելով՝ պատասխանատվություն չենք կրում մշակույթի համար, կարծում ենք, որ դա ինչ-որ մարդիկ ավտոմատ փոխանցում են մեզ։ Մենք պետք է զբաղվենք մշակույթի մշակմամբ, պիտի լինեին մշակներ, բայց մենք մեր հույսը դրել ենք հրաշքի վրա։
Էդգար Բաղդասարյան
Մերգելյան ինստիտուտի թանգարանում նկարահանում էինք անում ու էնտեղ տեսա եղունգիս չափ միկրոսխեմա՝ արտադրված Հայաստանում 1967 թվականին։ Այն ժամանակ այդպիսի սխեմա արտադրում էր մեկ էլ Ճապոնիան՝ «Տոշիբա» ընկերությունը։ Մերգելյան-«Տոշիբա», փոքր Հայաստան-«Տոշիբա», մասշտաբը պատկերացնո՞ւմ եք։ Բայց այդ մարդկանց ոչ ոք չգիտի, նրանք հերոս չեն։ Բայց այսօր Հանրային հեռուստաընկերությունը տալիս է «Մեր ժամանակի հերոս» անվանմամբ հաղորդում, որտեղ հերոսը բիզնեսմեն է, որը հավաքել է 10 կին, որոնք պոմիդոր են պահածոյացնում։ Սա լրիվ մշակութային խնդիր է։
Արամ Մեհրաբյանը, տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Էդգար Բաղդասարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա մեզ հետ կատարվում է մի կատակլիզմ, որն ամբողջ աշխարհին է բնորոշ։ Տարիքով մարդիկ կհիշեն, թե 1970-ական թվականների թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական կինոյում ինչքան քիչ էին սպանությունները։ Ցանկացած սպանություն մի երեւույթ էր, որը վերապրվում էր։ Հիմա մարդկային կյանքի դեվալվացիա է տեղի ունենում, որովհետեւ բռնությունը գնալով էսթետիզացվում է։ Ժամանակակից մշակույթը երկու կարեւորագույն բաների վրա է հիմնված՝ սեքսն ու բռնությունը, որովհետեւ դա փողաբեր է։ Դա կրթության խնդիր է, կրթությունը պետք է լինի այնքան ուժեղ, որ անգամ ընտանիքի բացը կարողանա լրացնել։
Ո՞վ է մշակը
Արամ Մեհրաբյան
Ապոկալիպտիկ, վերջնագրային դրսեւորումներ մենք ունեցել ենք նաեւ հայ իրականության մեջ։ Դրանցից մեկը Իսահակյանի շատ հայտնի «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ» բանաստեղծությունն է, որը, չգիտես ինչու, շատ տարածվում է այն ժամանակ, երբ արթնանում է հոգեւոր ճգնաժամը։ Սա շատ հետաքրքիր եւ հակասական մտքեր առաջացնող բանաստեղծություն է։ Մի կողմից վերջնագրային է, այսինքն՝ եկել է հոգու սովը, եւ ամեն ինչ վերջացած է։ Բայց եթե մի փոքր այլ հայացքով ենք նայում, կարծում եմ, որ այս բանաստեղծության մեջ, ինչպես Չարենցի «Հարդագողի ճամփորդներ»-ում, թաքնված են այն լուծումները, որ մենք փնտրում ենք։
Արամ Մեհրաբյանը եւ տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ո՞վ է մշակը. հոգեւոր քաղց ունեցող մարդն է։ Դու պիտի անընդհատ հոգեւոր քաղց ունենաս, որպեսզի հոգեւորի պահանջ զգաս, եւ այո՛, ճոխ սեղանների շուրջ նաեւ պիտի քաղցենք։ Երանի այն ժամանակը, երբ հայ իրականության մեջ այդ հոգեւորով քաղցածները լինեն շատ։ Հայ մշակույթի մշակի բանաձեւն Իսահակյանի բանաստեղծության վերջին տողերում է՝ «եւ մուրացիկի պես փշրանքի համար ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով»։ Գրեթե նույն համանմանությամբ Պլատոնն ասում է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Նա հոգու իմացության աղքատացման մի հայտարարություն է անում, ուստի՝ հնարավոր է ինչ-որ բան ստեղծելու այդ աղքատացումը։ Սա այն բանաձեւն է, որը հասկանալի է դարձնում, թե ինչպես մոտենալ, օրինակ, Կոմիտասին: Ի՞նչու մարդը, որպես մշակ, պիտի զրկանքներ կրելով, գիտակցելով իր ինքնության, մշակութային խնդիրները, գնար այդ քայլին։ Նույնը տարբեր մշակույթներում է, կարող ենք վերցնել, օրինակ, Վան Գոգին, Գոգենին։
Մեր շատ մոտ իրականության երջանկահիշատակ երկու անհատներ՝ Արմեն Հախնազարյանը եւ Սամվել Կարապետյանը բառացիորեն արել են այն, ինչ մատնանշում էր Իսահակյանը՝ ծովից ծով ընկած անցել են բոլոր վտանգները, հավաքել են հոգեւոր փշրանքները՝ փորձելով մեր ինքնության ամբողջական պատկերը տալ։
Մարդը՝ մասնատված ու մեկուսացած
Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Մեզ բնորոշ է մշակութային աղճատված վիճակը, ամբողջացնելու խնդիր կա, որովհետեւ այսօր գործ ունենք մշակութային էլեմենտների, բայց ոչ՝ ամբողջական մշակույթի հետ։ Պետք է անհանգստանալ, որովհետեւ սա պարզապես պայքար չէ։
Մարդուց հետզհետե խլում են այն, ինչը նրան դարձնում է մարդ՝ կրոնը, հոգին, հարաբերությունները։ Պատահական չի, որ ես խոսեցի արհեստական բանականության մասին, հիմա գալիս են նոր տարբերակներ՝ ավելի սարսափելի հեռանկարով։ Մարդկությունը բացարձակապես պատրաստ չէ դրան։ Առանց այդ էլ մենք ունենք լրիվ ատոմացված, մենակների հասարակություն, եւ սա գնալով խորանալու է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե այս մեկուսացումը վերջնականապես կատարվի, ես դա կանվանեմ աշխարհակործանում՝ ապոկալիպսիս։ Մարդու մեկուսացման մասին պատմական որեւէ ժամանակաշրջանում մենք չէինք անհանգստանա, որովհետեւ մարդը եղել է լրիվ սոցիալական էակ՝ մարդիկ հավաքվել են, ամեն ինչ կիսել են իրար հետ, Աստծուն են պաշտել, նույն արժեքներն են ունեցել։ Հիմա ամեն մարդու ասում են՝ դու աստված ես, դու ես որոշելու՝ իմաստությունը, արժեքը, Պլատոնն ո՞վ է, Էյնշտեյնն ո՞վ է, դու ես աշխարհի կենտրոնը։ Մարդը դարձել է պաշտամունքի առարկա։
Մարդասիրությունն ու մարդապաշտությունը տարբեր բաներ են, դրա հետեւանքը մենք հիմա լրջորեն տեսնում ենք։ Հոգեւոր մարդը պարտված է, ուրիշ մարդն է այսօր պատմության թատերաբեմին, մարդ, որի կարիքները միայն պետք է բավարարես։
Էդգար Բաղդասարյան
Մի ամերիկացի երաժշտագետ, սունյակագիր կա՝ Ալեքս Ռոսը, որը 20-րդ դարի ժամանակակից երաժշտության վերաբերյալ մի հրաշալի գիրք ունի։ Նա գրում է, որ 1942 թվականին Ամերիկայում մի մեծ մարզադաշտ՝ 70-80 հազար հոգի, հավաքվում էր, որ Ստրավինսկի լսի։ Հիմա ինչի՞ համար են հավաքվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ֆեյսբուքում մարդիկ իրար նկարում են, իրար մասին ինֆորմացիա են տալիս, իրանց շատ անհեթեթ բաները թողարկում են աշխարհով մեկ։ Ես դրանում միայնակություն ողբերգություն եմ տեսնում։ Մենք այսօր կինոն էլ ենք բերում տուն՝ տնային կինոթատրոն ունենք, երաժշտությունն էլ կբերենք տուն, մենք իրար հետ չենք շփվում։ Այսպես մարդը կառավարելի, հեշտ ղեկավարվող է դառնում։ Դրա համար է այդքան աճում սեքսուալիզացիան, ֆուտբոլի դերը։ ՖԻՖԱ-ն դարձել է պետություն պետության մեջ եւ շատ լուրջ դերակատարություն ունի։
Արամ Մեհրաբյան
1932 թվականին շվեյցարացի փիլիսոփա Մաքս Պիկարդը ճամփորդում է Գերմանիա։ Քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարը հրավիրում է իր մոտ՝ զրույցի։ Առաջնորդը փորձում է հասկանալ, թե ինչպես պատահեց, որ Հիտլերի նման կերպարը դարձավ գործիչ եւ այդքան հետեւորդներ ունեցավ։ Պիկարդը ցույց է տալիս սեղանի վրայի ամսագիրը, ասում է՝ թերթիր։ Թերթում է՝ կաբարեյի կիսամերկ կին, հեծանիվի էլովյուցիայի պատմություն, չինական խոհանոցի մի բաղադրատոմս։ Պիկարդը սկսում է բացատրել՝ արտաքին եւ մեր ներքին աշխարհը մասնատված, մասնավորեցված, մասնագիտացված, քայքայված, այլ կերպ ասած՝ ատոմականացված է։ Մարդը դառնում է տրոհված մասնիկների մի հավաքատեղի, բայց չի ընկալում ո՛չ արտաքին, ո՛չ ներքին աշխարհը։ Այդ մասնիկների արանքում առաջանում են վիհեր, որտեղ սողոսկում են հիտլերները, որոնք մարգարեական մոտեցմամբ ասում են, որ մենք ձեզ կմիավորենք, դուխով-անդուխ, բռնությամբ կլինի՝ գալիս ու փորձում են միավորել։ Բայց սա կեղծ միավորման հարց է, որը շարունակվում է այսօր։
Արամ Մեհրաբյանը եւ տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչու է փազլ խաղը հիմա այսքան մոդայիկ։ Որովհետեւ մարդն ամբողջացման ներքին պահանջ ունի, ինչքան հաճելի է՝ դու չգիտես այդ դիսկրետ, ցրված կտորները, բայց աչքիդ առաջ ունես պատկեր, որն ուզում ես հավաքել։ Արհեստական, կեղծ հոգեւոր սով է սկսվում քեզ մոտ՝ արեցիր, ավարտեցիր, վերջացավ։ Պատկերացրեք մեր վիճակը, որ չունենք այդ պատկերը, այդ կտորներից ի՞նչ ենք հավաքելու։ Ուրեմն՝ մարդու ատոմականացված այս դրաման շարունակվում է առ այսօր։ Ոչ մի կենտրոնացում չկա, նայեք մեր եթերը, ամեն ինչ հատվածական է, էլ չեմ խոսում սոցիալական ցանցերի ժապավենի մասին։
Մշակույթը բերում է ամբողջության, հակամշակույթը՝ տրոհվածության։ Եվ կգան առաջնորդները, որոնք կփորձեն մեզ միավորել։ Սա շատ վտանգավոր է։ Ուրեմն ամեն մարդ պետք է ճիգ անի, իր այդ ատոմականացված մասնիկներից ստեղծի իր հոգեւոր պատկերը։ Սա շատ բարդ, դժվար, բայց, իմ պատկերացմամբ, միակ լուծումն է։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի