Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» արևելահայերեն նոր թարգմանությունը:
- Թարգմանիչ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մամուլի հաղորդագրություն
«Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը» և հաղորդակցվել նրա սրբազան զորությանը»
Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի աշխատասիրությամբ։
Այն հրատարակել է «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ և Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ։
Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության վրա: Այդ ընթացքում թարգմանության հեղինակը կատարել է Եկեղեցու հայրերի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրություններ եւ թարգմանություններ` ձեռք բերված փորձը ուղղելով գխավոր նպտակին՝ «Մատյանի» թարգմանությանը։
Թարգմանության հեղինակը իր ներածականում մասնավորաբար ասում է.
«Մատեանը» մեզ համար բացում է մարդու եւ Աստուծոյ յաւիտենական երկխօսութեան աներեւակայելի գեղեցկութիւնը եւ խորութիւնը… Դարեր շարունակ «Նարեկը» դարձել է հոգեւոր ինքնավերլուծութեան, ապաշխարութեան, աստուածաբանութեան, աստուածպաշտութեան մի եզակի աղբիւր բոլոր նրանց համար, ովքեր բռնել են կատարելութեան վերընթացի ճամփան»:
«Նարեկացու աղօթքներն ունեն վերերկրային գեղեցկութիւն: Գոյութիւն ունեցող արտայայտչամիջոցները կարծես ի զօրու չեն եզրագծելու եւ արտայայտելու Նարեկացու երկնային երգը: Նա բառերին յատուկ զօրութիւն եւ նոր իմաստային լիցքեր է հաղորդում, ստեղծում հոգեւոր նրբութիւններ արտայայտող բազմաթիւ նոր բառեր… Հայոց լեզուն նրա շնորհիւ բարձրանում է որակական նոր մակարդակի: Այն սրբանում եւ հոգեղինանում է` դառնալով աղօթքի երաժշտութեան գործիք»:
«Իւրաքանչիւր սերունդ կարիք ունի ճշտելու իր հոգեւոր հիմքերը եւ դրանից բխող առաքելութիւնը… Այսօր մենք` հայերս, եթէ փորձենք հասկանալ մեր հոգեւոր հիմքերը եւ մեր գոյութեան նպատակը, անխուսափելիօրէն կանգնելու ենք Նարեկացու վկայութեան առջեւ… Նարեկացին իր մատեանով արդէն հազար տարի մեզ դարձրել է այլ մակարդակի ժողովուրդ, որպէս տիեզերական ուսուցիչ՝ նա մեզ դարձրել է աշխարհի ուսուցիչ եւ այլոց օրինակ ծառայող»:
«Հայերը կարիք ունեն վերաբացայայտելու Նարեկացուն… «Մատեանը» ե՛ւ բարձրագոյն արուեստ է, ե՛ւ մտածողութիւն, ե՛ւ փիլիսոփայութիւն եւն: Բայց պէտք է յիշել, որ այն խոր հոգեւոր բովանդակութիւն ունեցող գիրք է, որն անտեսանելի է դրսից: Տաճար պէտք է մտնել դռնով: Տաճար թափանցելու մնացած ճանապարհները պարսաւելի են: Այս գիրք-տաճարի դուռը աղօթքն է: Այդպէս է պնդում հեղինակը: Եւ ահա մարդկութիւնը հնարաւորութիւն է ստանում այս կենդանի գրքով առաջնորդուելու: Սակայն նախ եւ առաջ մենք՝ «Նարեկը» պահպանողներս եւ փայփայողներս, կարիք ունենք այն իսկապէս բացելու եւ Աստուծոյ հետ խօսելու»:
Իր աշխատասիրության մասին հեղինակն ասում է.
«Ներկայացուող թարգմանութիւնն իր բնոյթով իմաստային է: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Բացի դրանից, փորձել եմ հնարաւորինս հարազատ մնալ բնագրին»:
Հունիսի 22-ին հոգևոր, մշակութային, կրթական ու հասարակական գործիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղ ունեցավ ստեղծագործության շնորհանդեսը։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ին, ուխտագնացություն կատարվեց դեպի պատմական Վանի նահանգի Նարեկավանք, որից ոչ հեռու գտվող սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում կատարվեց գրքի օրհնության կարգ։
Սբ Գրիգոր Նարեկացին Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբերից է և դասվում է սրբոց Թարգմանչաց վարդապետների կարգին: 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը սբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է որպես տիեզերական ուսուցիչ:
Թարգմանչի բնորոշմամբ՝ Նարեկացին համայն մարդկության սեփականությունն է և խոսում է բոլոր մարդկանց անունից: «Նարեկացին «Մատյանում» չի գործածում «հայ» և «Հայաստան» բառերը, սակայն նրա ստեղծագործությունը ամենախոր ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա: Նարեկացին ընդարձակել հայ լինելու իմաստը` վերածելով այն համամարդկային առաքելության»։
«Մատյան ողբերգությանը» սեղանի գիրք չէ, որ հեշտ ընթերցես ու ժամանակ անցկացնես, այն աղոթագիրք է, կատարելության ճանապարհով գնացողների համար է, և մեզանից պահանջում է վերափոխվել։ Սակայն այդ ամենին ավելի մոտենալու և ստեղծագործության ողջ խորությունն ընկալելու համար խորհրդային տարիներին գրաբարից թարգմանված «Նարեկը», Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով, լավագույն տարբերակը չէ, ինչով պայմանավորված էլ նախաձեռնել ու տարիների ճանապարհ է անցել նոր թարգմանությունն ստեղծելու համար։
Ստեղծագործությունն այսուհետև կարելի է գտնել գրատներում։
- «Վեմ» կրթամշակութային հիմնադրամ
- «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ