«Արարատյան բակալավրիատ»` հայալեզու եւ հայաշունչ միջազգային կրթություն
Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանում այսօր մտավորականների եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային քննարկումը:
«Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» նախաձեռնել են «Այբ» կրթական հիմնադրամը եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:
Ծրագրով նախատեսվում է ՀՀ-ի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ» («Այբ Բեն» կամ ԱԲ), եւ պատրաստել այդ ծրագրին որակավորման ուսուցիչներ:
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը իր ելույթում նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել ուսուցիչների, ովքեր պատրաստ են փոփոխությունների եւ գիտակցում են իրենց առաքելությունը:
«20-րդ դարի սկզբում Գեւորգյան ճեմարանում դասավանդում էին Աճառյանը, Մանանդյանը, Երվանդյանը, Կոմիտասը: Նրանց հետ հանդիպումն արդեն իսկ հեղաշրջում էր մարդկանց հոգիները եւ կրակ վառում նրանց սրտերում: Ահա այսպիսի որակներ էինք ուղղորդում դեպի կրթություն: Այդ իսկ պատճառով դարեր շարունակ մեր կրթությունը լավագույնն էր տարածաշրջանում: Դարասկզբին Պոլսի, Թիֆլիսի, Մոսկվայի լավագույն դպրոցները հայկական են եղել»,-ասել է նա:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով ուսուցիչներին անհրաժեշտ է զինել արդի մեթոդոլոգիաներով, կրթական ծրագրերով եւ տեխնոլոգիաներով: «Աշխարհի լավագույն կրթական համակարգերի հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջատար ուսուցիչների կրիտիկական զանգված ունեցող երկրներն այսօր լավագույնն են աշխարհում»,-շեշտել է նա:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատը որեւէ միջազգային ծրագրի պատճենը չի լինելու, այն մեկտեղելու է լավագույն փորձերը եւ ստեղծելու է սեփականը` ազգային արժեհամակարգի հիմքի վրա:
«Շատ կարեւոր է, որ այս կրթական համակարգը հայալեզու է` հայերենը պաշտոնական լեզուն է եւ հայաշունչ է` հայկական արժեքներով է առաջնորդվում: Մենք պետք է դաստիարականենք հայի, ով կկարողանա ստանձնել այս ժողովրդի ապագայի պատասխանատվությունը, կունենա պատկանելիության զգացողություն, կլինի իր մշակույթի մի մասնիկը»,- ասել է նա:
Տասնամյա ծրագրի առաջին տարիներին (2014-16թթ.) տեղի կունենա «Արարատյան բակալավրիատի» համաքննումը, լրամշակումը եւ միջազգային հավաստագրումը: 2016-2019թթ. 12 դպրոցներ Հայաստանում (2 դպրոց Երեւանից եւ մեկական յուրաքանչյուր մարզից) եւ 1 դպրոց ԼՂՀ-ում ամբողջությամբ կանցնեն «Արարատյան բակալավրիատի»` հավաստագրված միջազգային ուսուցիչներով:
2019-2023թթ. «Արարատյան բակալավրիատը» կներդրվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանան մոտ 2.000 ԱԲ ուսուցիչ եւ մոտ 20.000 ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում: