

Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները՝ անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
- Հաղորդման հեղինակ՝ Ինեսսա Խաչատրյան


Լյուդվիգ Մինկուս, «Բայադերկա» բալետ
1876 թվականին Մարիուս Պետիպային հրապուրում է «Բայադերկայի» թեմայով բալետ ստեղծելու գաղափարը։ Սերգեյ Խուդեկովը հանձն է առնում գրել բալետի լիբրետոն՝ որպես հիմք օգտագործելով Հին Հնդկաստանի մեծ դրամատուրգներից Կալիդասայի «Շակունտալա կամ մատանիով ճանաչվածը» պիեսը։ Սակայն բալետի դիպաշարի սկզբնաղբյուրը ոչ թե հնագույն հնդկական դրաման է, այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Ռեյերի «Շակունտալա» բալետը՝ ըստ Թեոֆիլ Գոթիեի սցենարի։
Ավստրիացի կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսի «Բայադերկա» բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 4-ին Պետերբուրգի Մեծ թատրոնում։ Այն մեծ հաջողություն է ունեցել և մինչև 1929 թվականը պարբերաբար բեմադրվել Պետերբուրգի թատրոններում, որից հետո բալետը կարծես մոռացության է մատնվում։ 1941 թվականին բալետմայստեր Վլադիմիր Պոնոմարյովը և երիտասարդ պարուսույց Վախթանգ Չաբուկիանին համատեղ ստեղծում են մոռացված բալետի նոր՝ խմբագրված տարբերակը՝ երեք գործողությամբ։ 1948 թվականին այն որոշ չափով փոփոխվում է և այլևս չի իջնում թատերական բեմահարթակներից։


Ֆրանչեսկո Չիլեա, «Ադրիանա Լեկուվրոր» օպերա
1849 թվականի ապրիլին Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվեց Էռնեստ Լեգուվեի և Էժեն Սկրիբի «Ադրիանա Լեկուվրոր» հինգ գործողությամբ դրաման։ Հենց այդ երկի սյուժեի հիման վրա էլ Արտուրո Կոլաուտտին գրում է համանուն օպերայի լիբրետոն:
Օպերայի հերոսուհին՝ ֆրանսիական կոմիկական թատրոնի դերասանուհի Ադրիանա Լեկուվրորը, պատմական դեմք է։ Նա ժամանակին հանրաճանաչ է դարձել Ժան Ռասինի ողբերգությունների դերակատարումներով։
«Ադրիանա Լեկուվրոր» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1902 թվականի նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո լիրիկո» թատրոնում:


Դոմենիկո Չիմարոզա, «Գաղտնի ամուսնություն» օպերա
Իտալացի կոմպոզիտոր Չիմարոզայի կոմիկական այս օպերայի դիպաշարը փոխառված է երկու պիեսներից։ Մեկն անգլիացի հեղինակներ Ջորջ Քոլման-ավագի և Դեվիդ Գարրիկի «Թաքցված ամուսնությունն» է, մյուսը՝ ֆրանսիացի դերասանուհի և գրող Մարի Ժաննա Ռիկկոբոնիի «Սոֆի կամ թաքցված ամուսնությունը»: Լիբրետոյի հեղինակն է Ջովաննի Բերտատին։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1792 թվականի փետրվարի 7-ին Վիեննայի թագավորական «Բուրգթատրոնում»։ Ներկայացումը բացառիկ հաջողություն է ունեցել, Լեոպոլդ 2-րդ կայսրն այնքան է հավանել օպերան, որ պահանջել է անմիջապես կրկնել։ Երգիչները, առանց փոխելու իրենց բեմական զգեստները, արագ ընթրել են հարևան սենյակում, որից հետո ուշ գիշերով օպերան ներկայացրել երկրորդ անգամ՝ հատուկ կայսրի ու պալատականների համար։


Իմրե Կալման, «Չարդաշի թագուհին» օպերետ
Լիբրետոն գրել են ավստրիացի թատերագիր Լեո Շտայնը և լիբրետիստ Բելա Յենբախը։
Վարիետեի աստղ Սիլվա Վարեսկուին նվիրված օպերետ գրելու մտահղացումը Կալմանի մոտ ծագել է 1914 թվականին։ Գերմաներեն լիբրետոն վերնագրված էր «Կեցցե սերը»։ 1915 թվականի նոյեմբերին Կալմանը լիովին ավարտում է օպերետը: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Վիեննայի «Յոհան Շտրաուս» թատրոնում «Չարդաշի թագուհին» օպերետն առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին։
Ռուսաստանում օպերետի սկզբնախաղը 1916 թվականին էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի բուռն շրջանում, երբ Ռուսաստանն ու Ավստրո-Հունգարիան պատերազմում էին։ Այդ իսկ պատճառով թե՛ օպերետի և թե՛ որոշ գործող անձանց անուններ փոփոխվեցին։ Այդ ժամանակից ի վեր «Չարդաշի թագուհին» ռուսական և սովետական հանդիսատեսին ներկայացվել է «Սիլվա» վերնագրով։


Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Իդոմենեոս, Կրետեի արքա, կամ Իլիա և Իդամանթես» օպերա
Այս օպերան գրվել է Բավարիայի և Պֆալցի կուրֆյուրստ Կառլ Թեոդորի պատվերով։ Իդոմենեոսի մասին հին հունական առասպելի թեմայով նախկինում արդեն օպերա գրվել էր։ 1712 թվականին Փարիզում ներկայացվել էր հայտնի կոմպոզիտոր Անդրե Կամպրայի համանուն օպերան՝ հինգ գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը բանաստեղծ և թատերագիր Անտուան Դանշենն էր։ Նրա լիբրետոն հարուստ էր ողբերգական իրադարձություններով և ավարտվում էր արյունահեղ հանգուցալուծմամբ։ Զալցբուրգի քահանաներից Աբբա Ջամբատտիստա Վարեսկոն այդ լիբրետոյի տեքստը ֆրանսերենից թարգմանում է իտալերենի և համապատասխանեցնում օպերա-սերիայի առանձնահատկություններին։ Այս տարբերակում օպերան արդեն բաղկացած էր 3 գործողությունից և ուներ երջանիկ ավարտ։
«Իդոմենեոսը» հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 1781 թվականի հունվարի 29-ին Մյունխենի ազգային թատրոնում։


Ալեքսեյ Վերստովսկի, «Ասկոլդի գերեզմանը» օպերա
Օպերայի լիբրետոն գրել է ճանաչված ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Զագոսկինը։ 1833 թվականին լույս տեսած նրա «Ասկոլդի գերեզմանը» վեպն արժանվույնս չգնահատեցին ո՛չ քննադատները, ո՛չ էլ ընթերցողները։ Սակայն երկու տարի անց՝ 1825 թվականին, Ալեքսեյ Վերստովսկին որոշում է օպերա գրել Միխայիլ Զագոսկինի վեպի հիման վրա։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1836 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հանդիսատեսն այն բարձր գնահատեց: Մոսկվայի Մեծ թատրոնում 25 տարվա ընթացքում օպերան ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և մինչև 1887 թվականն այն թատրոնի մշտական խաղացանկում էր։


Ամիլկարե Պոնկիելլի, «Ջոկոնդա» օպերա
Իտալացի կոմպոզիտոր Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայի լիբրետոն գրել է իտալացի հայտնի կոմպոզիտոր և բանաստեղծ Արրիգո Բոյտոն՝ Տոբիո Գորրիա ծածկանվամբ։ Դիպաշարի հիմքում Վիկտոր Հյուգոյի «Անջելո. Պադուայի բռնակալը» դրաման է։ «Ջոկոնդան» հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց 1876 թվականի ապրիլի 8-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։


Ֆրանց ֆոն Զուպպե, «Բոկաչչո» կամ «Պալերմոյի արքայազնը» օպերետ
Լիբրետոյի հեղինակներն են Ֆրիդրիխ Ցելլն ու Ռիխարդ Ժենեն։ Օպերետի դիպաշարի հիմքում Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ժողովածուից մի քանի նովելներ են, որոնք հմտորեն միավորվել են՝ գործողությունների գլխավոր հերոս դարձնելով հենց Բոկաչչոյին։


Վինչենցո Բելլինի, «Նորմա» օպերա
Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Ֆելիչե Ռոմանին՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Լուի Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ մանկասպանություն» ողբերգության։
Բելլինին երաժշտությունն ավարտել է առաջնախաղից 20 օր առաջ: Կոմպոզիտորի պահանջով փորձերը շարունակվել են նաև առաջնախաղի նախօրեին՝ առավոտյան: Այդ իսկ պատճառով բոլոր մեներգիչները չափազանց հոգնած էին և ուժասպառ: Արդյունքում 1831 թվականի դեկտեմբերի 26-ի առաջնախաղն անհաջող էր: Բելլինին այդ ներկայացումը բնութագրել է որպես «իսկական ֆիասկո»: Բայց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հանդիսատեսն արժանվույնս գնահատում է ներկայացումը. բուռն ծափահարում էին անգամ այն տեսարանների ժամանակ, որոնցից հատկապես դժգոհ էին նախորդ երեկոյան: Այդ օրվանից էլ Վինչենցո Բելլինիի «Նորման» սկսում է իր հաղթական երթը համաշխարհային օպերային թատրոններում:


Բեդրժիխ Սմետանա, օպերա «Վաճառված հարսնացուն»
Չեխ կոմպոզիտոր Սմետանան այս երգիծական օպերան սկսել է գրել 1863 թվականից: Լիբրետոյի հեղինակը ժամանակի նշանավոր չեխ գրող Կարել Սաբինան էր: Կոմպոզիտորին լիբրետոյի նախնական տարբերակը չգոհացրեց. այն գրված էր մեկ գործողությամբ օպերետի համար: Բայց Սմետանայի խնդրանքով՝ լիբրետոն ընդլայնվեց և հիմք դարձավ երկու գործողությամբ օպերայի, որի երաժշտությունը Սմետանան ավարտեց 1866 թվականին: Նույն թվականի մայիսի 30-ին Պրահայի «Ժամանակավոր թատրոնում» «Վաճառված հարսնացուն» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին: 1870 թվականին Սանկտ-Պետերբուրգում ներկայացնելու համար Սմետանան օպերան զգալիորեն փոփոխեց: Մասամբ փոխեց օպերայի տեքստը, ստեղծեց մի քանի նոր երաժշտական հատված: Նոր խմբագրված օպերան արդեն բաղկացած էր երեք գործողությունից և մինչ օրս էլ հանդիսատեսին ներկայացվում է հենց այս տարբերակով:


Ալեքսանդր Գլազունով, «Ռայմոնդա» բալետ
1896 թվականի գարնանը Սանկտ-Պետերբուրգի կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին Գլազունովին պատվիրում է գրել «Ռայմոնդա» բալետի երաժշտությունը: Բալետի սցենարի գաղափարը 19-րդ դարի առաջատար բալետմայստեր Մարիուս Պետիպայինն էր, իսկ լիբրետոն հանձն առավ գրել ռուս գրող Լիդիա Պաշկովան: Բալետի սկզբնախաղը տեղի ունեցավ 1898 թվականի հունվարի 7-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:


Անտոնին Լեոպոլդ Դվորժակ, «Ջրահարս» օպերա
Չեխ բանաստեղծ, դրամատուրգ և թատերական գործիչ Յարոսլավ Կվապիլը Կարել Յարոմիր Էրբենի և Բոժենա Նեմցովայի հեքիաթների հիման վրա ստեղծում է «Ջրահարսի» լիբրետոն: Ամենահաղթ սիրո մասին այս հուզիչ պատմությունն իսկույն գրավում է չեխ կոմպոզիտոր Դվորժակի ուշադրությունը, և արդեն 1901 թվականի մարտի 31-ին «Ջրահարս» օպերան ներկայացվում է հանդիսատեսին:


Ումբերտո Մենոտտի Մարիա Ջորդանո, «Անդրե Շենիե» օպերա
Լիբրետոյի հեղինակն է Լուիջի Իլլիկան: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 28-ին: Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է: Շենիեն սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան ու ահաբեկչությունը, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին: Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձել է փախչել Փարիզից, բայց ձերբակալվել է: Բանտում անցկացրած 140 օրերին էլ Անդրե Շենիեն գրել է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:


Մոդեստ Մուսորգսկի, «Բորիս Գոդունով» օպերա
Լիբրետոն գրված է Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության սյուժեի հիման վրա, սակայն կոմպոզիտորն օգտվել է նաև մի շարք պատմագիտական հոդվածներից և Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունից: Մուսորգսկին օպերայի առաջին խմբագրումն ավարտին հասցրել է 1869 թվականին, իսկ երկրորդը՝ 1872-ին։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1874 թ. հունվարի 27-ին Սանկտ- Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։


Ֆրանց Պետեր Շուբերտ, «Ֆիերաբրաս» օպերա
Վիեննայի արքունական օպերային թատրոնի տնօրինությունը 1822 թվականին Ֆրանց Շուբերտին օպերա է պատվիրում: Շուբերտն ընտրում է Յոզեֆ Կուպելվայզերի լիբրետոն, որի հիմքում ասույթներ են ֆրանկների թագավոր Կառլոս Մեծի և Մավրիտանիայի թագավոր Ֆիերաբրասի մասին: Սակայն հետագայում թատրոնի տնօրինությունը հրաժարվում է Ֆրանց Շուբերտի «Ֆիերաբրաս» օպերան բեմադրելու իր որոշումից:
Շուբերտն այդպես էլ չտեսավ իր օպերայի բեմադրությունը, պատվիրատուները անգամ չվճարեցին կոմպոզիտորին այդ ստեղծագործության համար: Նրա մահից 7 տարի անց՝ 1835 թվականի մայիսի 7-ին, Վիեննայի Յոզեֆշտադտի թատրոնում օպերան ներկայացվում է համերգային կատարմամբ՝ որոշ կրճատումներով: Իսկ 1897 թվականին ավստրիացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆելիքս Մոտլը Բադենի պետական թատրոնում ներկայացնելու համար նորովի է խմբագրում «Ֆիերաբրաս» օպերան՝ ավելացնելով բալետային համարներ Շուբերտի այլ ստեղծագործություններից, որոշ համարներում էլ օգտագործելով այլ կոմպոզիտորների գործեր: Օպերայի՝ Մոտլի խմբագրած տարբերակը բավական երկար ժամանակ բեմադրվել է օպերային թատրոններում: Սակայն նրա իսկական և ամբողջական տարբերակը ներկայացվել է Վիեննայի պետական օպերային թատրոնում 1988 թվականին՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ:


Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ
1864 թվականի սկզբին ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախն իր նոր օպերետի համար սյուժե փնտրելիս ընտրում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» էպիկական պոեմը: Լիբրետոն գրում են Անրի Մեյլակն ու Լյուդովիկ Ալևին:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1864 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում:


Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե, «Դոն Կիխոտ» օպերա
Ֆրանսիացի կոմպոզիտորի ներշնչանքի աղբյուրը իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի հանրահայտ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպը չէր, այլ նրա ժամանակակցի՝ ֆրանսիացի գրող Ժակ լը Լորենի «Բարձրահասակ ասպետը» (կամ, համաձայն այլ թարգմանությունների, «Թախծոտ ասպետը») պիեսը: Պիեսի հիման վրա լիբրետո է գրել Անրի Կենը, որի հետ Ժյուլ Մասնեն համագործակցում էր 1894 թվականից:
Մասնեն Դոն Կիխոտի դերերգը հատուկ գրել է ռուս հանրաճանաչ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի համար:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1910 թվականի փետրվարի 19-ին Մոնտե-Կառլոյում:
«Դոն Կիխոտ» օպերան բաղկացած է հինգ գործողությունից։


Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին» բալետ
Այս սյուժեով բալետ բեմադրելու գաղափարն առաջարկել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին: Նա բալետի լիբրետոն ստեղծել է ժամանակի հայտնի բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Լիբրետոն գրելիս Վսեվոլոժսկին օգտվել է Պերոյի հեքիաթի միայն առաջին մասից: Նա շրջանցել է Ավրորայի, արքայազն Դեզիրեի ու նրա չար խորթ մոր հետագա ճակատագրին վերաբերող երկար հատվածը: Վսեվոլոժսկին ու Պետիպան հեքիաթի սյուժեն չեն փոփոխել: Նրանք փոփոխել են հեքիաթի ոճը՝ բարոյախրատական պատմությունից այն վերածելով հեքիաթային ու շլափայլ ներկայացման:
Բալետն առաջին անգամ ներկայացվել է 1890 թվականի հունվարի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
«Քնած գեղեցկուհին» բալետը կունկնդրեք Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով)։


Լեո Դելիբ, «Լակմե» օպերա
1881 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբը Փարիզի ազգային երգիծական օպերային թատրոնի տնօրինությունից արևելյան թեմայով օպերա գրելու պատվեր է ստանում և ստեղծում «Լակմեն»։ «Լակմեի» հիմքում ընկած է Պիեռ Լոտիի «Լոտիի ամուսնությունը» վեպը։ Ֆրանսերեն լիբրետոն հեղինակել են Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլը:
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում: «Լակմեի» պրեմիերան տեղի է ունեցել 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի ազգային կոմիկական օպերային թատրոնում:


Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա
Այս ստեղծագործությունը բաղկացած է մեկ գործողությունից, նախաբանից ու վերջաբանից:
Օպերայի դիպաշարը հիմնված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխք» մասի 5-րդ երգի վրա: Լիբրետոն գրել է Մոդեստ Չայկովսկին: Չնայած անզուգական երաժշտությանը՝ օպերան 1906 թ. պրեմիերայից հետո խաղացանկային չդարձավ: Այն վերաբեմադրվեց 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ դիրիժոր Մարկ Էրմլերի ղեկավարությամբ: