

Հայոց մայրաքաղաքները
«Վեմ» ռադիոկայանը ներկայացնում է Սերգեյ Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները» գրքի ռադիո տարբերակը: Հաղորդաշարում հայ և օտար պատմիչների, գիտնականների ու հնագետների ուսումնասիրությունների և ուղեգիրների վկայությունների հիման վրա ուրվագծվում է հայոց մայրաքաղաքների պատմությունը:


Երևան
Երևանի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ: Էրեբունին կառուցելու համար Արգիշտի Առաջինը խեթերի երկրից ու Ծոփքից բերում է 6600 ռազմագերի, որոնք բլրի վրա բարձրացնում են կոփածո պարիսպներ, տաճարներ ու պալատներ, տներ ու զորանոցներ: Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի սկզբին՝ «Գիրք թղթոց»-ում:


Անի
Հայոց ոչ մի մայրաքաղաք այնքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին: Անիի պատմության լուսաբանման համար անգնահատելի են Ղևոնդ Ալիշանի ուսումնասիրությունները: Անին հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Եղիշեն, այնուհետև Ղազար Փարպեցին: Բագրատունիները կարճ ժամանակաշրջանում երեք մայրաքաղաք փոխելուց հետո հաստատվեցին Անիում: Անին եկեղեցաշատ քաղաք էր: Հայ և օտար պատմիչներն ու ուղեգիրներն Անին անվանում էին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: 1921 թ. Կարսի համաձայնագրով Անին անցավ Թուրքիային:


Կարս
Կարսի վերելքն ու բարգավաճումն անմիջապես կապված է Բագրատունյաց թագավորության ստեղծման հետ: Աշոտ Երկաթի մահից հետո թագավոր հռչակվեց Աբասը (929-953 թթ.), և Կարսը հռչակվեց մայրաքաղաք: Վրացիների և սելջուկների միջև տեղի ունեցած պատերազմների ընթացքում Կարսը ձեռքից ձեռք անցավ: Իսկ 1921 թվականի հոկտեմբերին Կարսի մարզն անցավ Թուրքիային:


Շիրակավան
Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց նրա որդին`Սմբատ Բագրատունին, և իր նստավայր ու երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում թագադրվեց: Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները, այն վերականգնվեց 12-րդ դարի 2-րդ կեսին: Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թ., և մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:


Բագարան
884 կամ 885 թ. հայոց երևելիները թագադրում են Աշոտ Բագրատունուն: Նորաստեղծ Բագրատունյաց թագավորությունը պետք է ունենար իր մայրաքաղաքը: Չնայած որ Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի մեծ քաղաքներից մեկը, բայց այն մշտապես գտնվում էր Ատրպատականից հարձակման վտանգի տակ: Բագրատունիները մայրաքաղաք ընտրեցին անառիկ Բագարանը`Ախուրյանի աջ ափին:


Դվին
Հայ և օտար ուսումնասիրողները, գիտնականները Դվինի ավերակները հաճախ շփոթել են Արտաշատի հետ: Պատճառը երկու նշանավոր քաղաքների միմյանց մոտ լինելն էր: Երբեմն Դվին կոչել են միայն բերդն ու բլուրը, այնուհետև ողջ քաղաքը, երբեմն էլ Արարատյան դաշտի մի մասը և Արաքս գետը կոչել են Դվնա դաշտ և Դվնա գետ: Որպես մայրաքաղաք՝ Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (330-338 թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց Դվին:


Վաղարշապատ
Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռ քարե դարում: Երկրորդ դարի կեսին հռոմեացիները փորձեցին նվաճել Հայաստանն ու դարձնել Հռոմի նահանգ: 163 թվականին երկրորդ անգամ Վաղարշապատը հռոմեացիների կողմից հռչակվեց հայոց մայրաքաղաք:
Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Նոր կրոնի նվիրյալները կառուցեցին Հայաստանի քրիստոնեական անդրանիկ մայր տաճարը`Սուրբ Էջմիածինը:


Տիգրանակերտ
Կառուցվել է մ.թ.ա. 70-ական թվականներին և անվանակոչվել Տիգրանակերտ ի պատիվ Հայոց Տիգրան Մեծ արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով արքան իր նվաճած երկրների քաղաքային բնակչության մի մասին բռնագաղթեցրեց Հայաստան։


Արտաշատ
Արտաշես Առաջին թագավորը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր: Նա հիմնադրեց նոր մայրաքաղաք` կոչելով Արտաշատ: Այն բուռն զարգացում է ապրել Տիգրան Մեծի որդու` Արտավազդի օրոք:


Երվանդաշատ
Մայրաքաղաքը կառուցել է Երվանդ վերջին թագավորը մ.թ.ա. 220 թ.-ին, բլրի վրա, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, ուր միախառնվում են Արաքս և Ախուրյան գետերը: Երվանդի մահից հետո մինչև 4-րդ դար Երվանդաշատը Հայաստանի խոշոր քաղաքներից էր, բայց պարսից Շապուհ Երկրորդի զորքերը հիմնահատակ կործանեցին այն:


Արմավիր
Արմավիր քաղաքը գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա: Քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրություն է թողել Արգիշտի թագավորը:


Վան
Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։ Այդ հնագույն շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։