

Գրական ընտրանի
Հաղորդաշարը անդրադառնում է 20-րդ դարի մեծանուն գրողներին եւ նրանց առավել հայտնի գործերին, ժամանակակից հայ գրողների անցած ուղուն եւ նրանց գրական վաստակին:
- Հեղինակ` Անի Փաշայան


Յուկիո Միսիմա
Հաղորդումը նվիրված է ճապոնացի գրող՝ արձակագիր և դրամատուրգ Յուկիո Միսիմային, ով հետաքրքիր և արտասովոր կապ հաստատեց ընթերցողի և գրողի միջև: Այո, կարելի է մեծ հետաքրքրությամբ կարդալ նրան՝ չկիսելով գաղափարները, չհետևելով եզրահանգումներին: Բայց այսքանից հետո անգամ, նրա ստեղծագործությունը և անձը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում: Միսիմային գրական հռչակ բերեց հատկապես «Ոսկե տաճար» վեպը, որտեղ ստեղծեց իր ժամանակների նոր Հերոստրատին…


Ստեֆան Ցվայգ
Հաղորդումը նվիրված է ավստրիացի գրող, գրաքննադատ, դրամատուրգ և էսսեիստ Ստեֆան Ցվայգին, ում նովելները նոր էջ բացեցին համաշխարհային գրականության պատմության մեջ իրենց անմիջականությամբ և խորությամբ: Նրան նշանավոր դարձրին հատկապես «Շախմատային նովել», «Ամոկ», «Զգացմունքների խռովք», «Անծանոթուհու նամակը» ստեղծագործությունները: Իր «Մարի Ստյուարտ»-ը նա անվանել է վիպական կենսագրություն: Պատմելով Մարի Ստյուարտի երջանիկ օրերի և դաժան տարիների մասին՝ գրողը խորհրդածում է ազատության և նրա սահմանների մասին…


Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և ռազմական օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին, ով ամբողջ աշխարհին հայտնի դարձավ «Փոքրիկ իշխանը» փիլիսոփայական հեքիաթ-վիպակով: Կարելի է ենթադրել, որ նա հենց իր մասին է գրել և բացել հոգին փոքրիկ տղայի կերպարով, ում տագնապեցնում էր Երկրի և ողջ Տիեզերքի ապագան: Պատահական չէ, որ այս գործը նա գրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ իր հայրենիքին նույնպես վտանգ էր սպառնում: Իմաստուն այս հեքիաթն այսօր էլ շարունակում է հետաքրքրել բոլոր տարիքի մարդկանց՝ պահելով արդիականությունը:


Ֆրանսուա Մորիակ
Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուա Մորիակին, ով հայտնի է որպես բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ և հրապարակախոս: Բայց նա ավելի շատ ճանաչվեց որպես սոցիալ-հոգեբանական վեպի վարպետ, ում գրական հռչակ բերեցին «Համբույր բորոտին», «Թերեզ Դեսքեյրու» և «Իժերի կծիկը» վեպերը: Մորիակի մի գրառում, որ նա արել է այն ժամանակ, երբ ֆաշիստական զորքերը գրավել էին հայրենի երկիրը. «Որքան էլ մենք նկատենք մեզ շրջապատող խայտառակությունը և այն զգանք մեր հոգում, միևնույն է, պետք չէ հիասթափվել և կորցնել վստահությունը մարդու հանդեպ. սրանում է իմաստը նրա, որ ապրենք և գոյատևենք»:


Ժան-Պոլ Սարտր
Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի փիլիսոփա, գրող՝ վիպասան, էսսեիստ, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժան-Պոլ Սարտրին: Սարտրի փիլիսոփայական հայացքների միջուկը ազատության գաղափարն է, որը նա դիտում է որպես մարդկային վարքի էություն, գործունեության աղբյուր, մարդու գոյության միակ հնարավորություն: Սարտրի փիլիսոփայական բոլոր հայացքներն արտացոլված են նրա գրական երկերում՝ արձակում և դրամատուրգիայում, հատկապես՝ հայտնի «Սրտխառնոց» վեպում, «Ազատության ուղիները» եռագրության մեջ, «Պատը» պատմվածքների ժողովածուում, «Ճանճերը», «Մահացածներն առանց թաղման», «Ալտոնայի մենակյացները», «Դռնփակ» պիեսներում, ինչպես նաև ինքնակենսագրական վեպում՝ «Բառեր»-ում՝ գրողի պատանեկան տարիների մասին, «Ընտանիքի խենթուկը» վեպում, որ նվիրված է Գյուստավ Ֆլոբերի մանկությանն ու պատանեկությանը, ինչպես նաև հրապարակախոսության մեջ, որն ամփոփված է ինը գրքում՝ «Իրադրություններ» վերտառությամբ:


Անդրե Ժիդ
Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող, «Դրամանենգները» հայտնի վեպի հեղինակ Անդրե Ժիդին, ով 1947 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի՝ աշխարհին գեղարվեստական բարձր արժանիքներով խորախորհուրդ գրականություն նվիրելու համար, որտեղ մարդկային խնդիրները ներկայացված են ճշմարտության նկատմամբ անվեհեր սիրով և հոգեբանական խորաթափանցությամբ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գիրքը, որը գրական և հասարակական կյանքում բուռն քննարկումների և հակասական կարծիքների առիթ է դարձել:


Կոբո Աբե
Հաղորդումը նվիրված է ճապոնացի գրող՝ արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեին, ում հատկապես երեք վեպերը՝ «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը», գրական հռչակ բերեցին նրան: Նրա հերոսները աշխարհից և իրականությունից փախչող անհատներ են, ովքեր ձգտում են պահպանել սեփական հոգին, մաքառել և դուրս գալ դժվար կացություններից: Գրական բազմաթիվ մրցանակների արժանացած Աբեի պիեսները նույնպես մեծ ժողովրդականություն են վայելում. դրանք բեմադրում էր հեղինակը իր ստեղծած «Կոբե Աբեի ստուդիա» թատրոնում:


Յասունարի Կավաբատա
Հաղորդումը նվիրված է ճապոնացի դասական, Նոբելյան մրցանակակիր Յասունարի Կավաբատային, ում գրաքննադատներն անվանել են ամենաճապոնացի արձակագիր: «Հազարաթև կռունկը», «Ձյունոտ երկիրը», «Լեռան հառաչանքը» վեպերը, «Պարուհին Իձուից» վիպակը հայտնի դարձրին նրան ամբողջ աշխարհում: Վիպասան Կավաբատան իր ստեղծագործություններում արժևորեց սեփական ժողովրդի ազգային ավանդույթները, հատկապես թեյի արարողությունը, ծաղկող սակուրայի, Ֆուձի լեռան արևածագի հանդեպ ունեցած պաշտամունքը՝ պատումում պահպանելով գրելաոճի պարզությունն ու անկեղծությունը:


1910-1930-ականների ճապոնական գրականություն
Հաղորդումը նվիրված է 20-րդ դարի 10-30-ական թվականների ճապոնական գրականությանը, հատկապես Ռյունոսկե Ակուտագավային, Տակուբոկու Իսիկավային, Տակիձի Կոբայասիին, Յուրիկո Միյամոտոյին: Գրողներ, ովքեր իրենց ստեղծագործություններով կարևոր փուլ բացեցին սեփական երկրի գրական կյանքում:


Բեռնարդ Շոու
Հաղորդումը նվիրված է անգլիացի դրամատուրգ, 20-րդ դարի սոցիալական դրամայի հիմնադիր, վիպագիր, նաև հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակակիր Բեռնարդ Շոուին: Նրա մի շարք պիեսները, ինչպես «Խնձորներով լի սայլակը», «Տուն, որտեղ սրտեր են փշրվում», «Սուրբ Յոհաննան», «Վատ է, բայց ճիշտ է», արտահայտում են համամարդկային գաղափարներ, որոնք արդիական են նաև այսօր: Հետաքրքիր է այն փաստը, որ անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում և դարձավ 19-րդ և 20-րդ դարի առաջին կեսի գրականության կենտրոնական երևույթներից մեկը:


Յոհաննես Բեխեր
Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, արվեստաբան, պետական-հասարակական գործիչ Յոհաննես Բեխերին: Մեկ տասնամյակ ապրելով հայրենիքից դուրս՝ նա շարունակեց ստեղծել մեծաթիվ գործեր՝ տարբեր ժանրերում: 1945 թվականին վերադառնալով Գերմանիա՝ նոր եռանդով շարունակեց մշակութային իր լայնածավալ գործունեությունը: Բազմաթիվ բանաստեղծական շարքեր, 300 սոնետ, արձակ ստեղծագործություններ, պիեսներ, գրականագիտական հոդվածներ, ռադիոհաղորդումներ: Այս բոլորի կենտրոնում նրան հետաքրքրողը հասարակ մարդու կյանքն էր, նրա ճակատագիրը, պայքարը և հույսի հետագիծը:


Վիրջինիա Վուլֆ
Հաղորդումը նվիրված է իմպրեսիոնիստական արձակի վարպետ, գրաքննադատ, մոդեռնիզմի տեսաբան Վիրջինիա Վուլֆին, ով նոր շրջան բացեց անգլիական գրականության պատմության մեջ: Գերմանացի գրականագետ և մշակութաբան Էրիխ Աուերբախը նրան համեմատել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանթեն, Շեքսպիրը, Ֆլոբերը և Պրուստը: Վուլֆին հռչակ բերեցին հատկապես «Միսիս Դելոուեյ» և «Փարոսի վրա» վեպերը, ինչպես նաև մի շարք գրաքննադատական հոդվածներ: Գրողի ստեղծագործությունը հարստացրեց նոր ժամանակների հոգեբանական արձակը:


Բերտոլդ Բրեխտ
Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, դրամայի տեսաբան, «էպիկական թատրոնի» հիմնադիր Բերտոլդ Բրեխտին, ով իր կյանքի մեծ մասն անցկացրեց տարագրության մեջ: Նա հասցրեց իր կարճ կյանքի ընթացքում թողնել մի շարք արժեքավոր գործեր, ինչպես՝ «Գալիլեյի կյանքը», «Բարի մարդը Սեզուանից», «Երեքգրոշանոց օպերա», «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Կոմունայի օրերը» պիեսները, «Երեքգրոշանոց վեպը» արձակ ստեղծագործությունը, մի շարք բանաստեղծություններ:


Ֆրանց Կաֆկա, «Դղյակ»
Հաղորդումը նվիրված է Ֆրանց Կաֆկայի հայտնի «Դղյակ» վեպին: 1922 թվականին գրված այս վեպը այսօր էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր խորհրդավորությամբ և անսպասելի լուծումներով: Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է: Կ.-ն նման է «Դատավարություն» վեպի Յոզեֆ Կ.-ին, սակայն այստեղ ավելի է ընդգծվում արվեստագետի խոր դժգոհությունը հասարակական սովորույթներից ու պետական օրենքներից:


Էզրա Փաունդ
Հաղորդումը նվիրված է անգլոամերիկյան «իմաժիզմ» կոչվող բանաստեղծական դպրոցին և հատկապես նրա հիմնադիրներից մեկին՝ բանաստեղծ, գրականության տեսաբան և գրական քննադատ Էզրա Փաունդին։ Նրա արվեստով ներկայանում է ամերիկյան մոդեռնիստական բանաստեղծությունը, որովհետև որպես գրաքննադատ և ամսագրերի խմբագիր, ինչպես նաև անթոլոգիաներ կազմող՝ նա մեծ դեր խաղաց ամերիկյան և եվրոպական մոդեռնիստական գրականության զարգացման և տարածման գործում:


Ֆրանց Կաֆկա
Հաղորդումը նվիրված է գերմանալեզու խոշոր արձակագիր Ֆրանց Կաֆկային և հատկապես նրա «Դատավարություն» վեպին, որի մասին ցայսօր գրվել է շուրջ վեց հազար գրականագիտական հոդված: Մոդեռնիզմի հետևորդ Կաֆկան նոր արտահայտչամիջոցներ ավելացրեց արձակի պատումին՝ խորհրդանիշներով և գաղափարական հագեցվածությամբ:


Թոմաս Ման
Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող, վիպագիր, էսսեիստ, գրաքննադատ, նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանին և հատկապես նրա «Կախարդական լեռը» վեպին: Այս վեպն առանձնանում է փիլիսոփայական խոր վերլուծությամբ: «Բուդենբրոկներ»›, «Դոկտոր Ֆաուստուս», «Հովսեփը և նրա եղբայրները» վեպերի հեղինակին խորապես հետաքրքրել են ժողովրդի ազգային ցավն ու ճակատագիրը, մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները, նրա սեփական ժամանակը:


Ռաբինդրանաթ Թագոր
Հաղորդումը նվիրված է հնդիկ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ, արվեստաբան, նկարիչ, երգահան, դրամատուրգ, նոբելյան մրցանակակիր Ռաբինդրանաթ Թագորին, ով առաջինը հասկացավ Հնդկաստանում, որ արվեստը պիտի սերտորեն կապված լինի ժողովրդի հետ: Բացահայտելով հնդկական ազգային բնավորության կարևորագույն գծերը և ուշադրությունը սևեռելով համազգային խնդիրներին՝ Թագորը ձգտեց բարձրացնել հասարակ մարդուն, ներշնչել ընթերցողին՝ հարգանք և սեր տածելու ժողովրդի հանդեպ, ինչի համար նա ուղիներ փնտրեց իր ստեղծագործություններում, սովորեց ժողովրդական երգեր, պարեր, այսպիսով՝ հմտորեն օգտագործեց ժողովրդական քանքարը:


Թեոդոր Դրայզեր
Հաղորդումը նվիրված է ամերիկյան գրականության խոշոր ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերին, ով շարունակեց Մարկ Տվենի, Ֆրենկ Նորիսսի, Հենրի Ֆուլլերի գրական ավանդույթները: Նա մեծ համարձակությամբ և առանց խնայելու էր խոսում Միացյալ Նահանգների մասին ստեղծված կեղծ առասպելի դեմ: Նրան մեծ համբավ են բերել հատկապես նրա ամենահայտնի վեպը՝ «Ամերիկյան ողբերգությունը», «Հանճարը»՝ արվեստագետի և արվեստների ճակատագրի մասին նրա հայտնի վեպը, որի հերոսը վաճառում է իր տաղանդը, ինչպես և «Ցանկության եռերգությունը», որի գլխավոր հերոսն ամենից կարևորը համարում է իր ցանկությունների օրենքը: