

Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:


Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Ա)
«Հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է» (Կոստան Զարյան): Հաղորդումը լուսաբանում է երաժշտության ազդեցությունը մարդկային հոգու և հասարակության վրա: Ներկայացվում է Կոմիտասի գործունեությունը Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում, որտեղ նա գիտականորեն և գործնականորեն հաստատեց, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:


Կոմիտասի «Գիշերերգ»-ը շշնջում է «Խաղաղութիւն ամենեցուն»
Հաղորդման առանցքում Կոմիտասի «Գիշերերգն» է՝ Գյոթեի խոսքերով: Հաղորդման հեղինակը վերլուծում է երգը, ներկայացնում այն Կոմիտասի գործերի համատեքստում, զուգահեռներ անցկացնում Ֆերենց Լիստի ու Ֆրանց Շուբերտի համանուն երգերի հետ: Անդրադառնում է նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային ներդաշնակման և այլ խնդիրներին։


Խորեն Պալյան
Հաղորդումը նվիրված է հոգևոր երգարվեստի հայտնի գիտակ և կատարող Խորեն Պալյանի հիշատակին: Հաղորդման հեղինակն անդրադառնում է անվանի երգչի առաքելությանը՝ հոգևոր, ինչպես նաև ազգային-հայրենասիրական երգի քարոզչությանը՝ սկսած անհավատության տարիներից մինչև նրա երկրային կյանքի ավարտը: Պալյանի համատեղ համերգները Լուսինե Զաքարյանի և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ մեծապես նպաստել են սերունդների քրիստոնեական դաստիարակությանը, մեծացրել Հայաստանի համբավը միջազգային ասպարեզում:


Սրտից սիրտ
Հաղորդումը նվիրված է երաժշտության ուսուցման բնագավառում հայրեր-որդիներ փոխհարաբերություններին, մատաղ սերնդին երաժշտության «արքայություն» ուղղորդելու արվեստին։ Անդրադարձ է կատարվում տարբեր ժամանակների մեծ մանկավարժներին և նրանց սաներին՝ սկսած Բախից և նրա զավակներից, մինչև Լ․ Աուեր, Հ. Նալբանդյան, Ն. Զվերև, Ի. Գալամյան, Պ. Ստոլյարսկի և այլք։ Հիշատակվում են նաև Բախի, Մոցարտի, Շումանի, Բրամսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծած մանկական ստեղծագործությունները։


Նրան ծափահարել է Ավետիք Իսահակյանը
Հաղորդումը նվիրված է չեխ վիրտուոզ ջութակահար և կոմպոզիտոր Յան Կուբելիկին (1880-1940)։ Ժամանակակիցները նրան անվանում էին «Նոր Պագանինի», «Ջութակի Լիստ»։ Մեծ հայրենասեր էր, բարձր էր պահում արվեստագետի արժանապատվությունը․ նա հրաժարվել էր Ավստրո-Հունգարիայի կայսեր առաջարկած ազնվական տիտղոսից և շքանշանից, բայց սիրով ընդունել Պագանինիի դիմանկարը և նրա մազերից մի փունջ, որոնք նվիրել էր նրա որդին։


Գեորգ Ֆիլիպ Տելեման
Հաղորդումը նվիրված է 17-18-րդ դդ. գերմանացի կոմպոզիտոր, կապելմայստեր Գեորգ Տելեմանի կյանքին և ստեղծագործությանը։ Տելեմանին համարում էին երաժշտության «լուսավորիչ»․ նա առաջին աշխարհիկ համերգների կազմակերպիչն էր, առաջին «երաժշտական ընկերությունների» հիմնադիրը։ Նրա բազմաբեղուն արվեստն ընդգրկում է ժամանակի բոլոր ժանրերը։


Հելմուտ Վալխա
Նշանավոր գերմանացի երգեհոնահար Հելմուտ Վալխայի կյանքը ոգու հաղթանակն է նյութի հանդեպ: Կուրանալուց առաջ անգիր էր սովորում ու հիշողության մեջ կուտակում Բախի ստեղծագործությունները: Այդ կերպ Հելմուտ Վալխան փորձում էր պահել մայր մտնող արևը: Հաղորդումն անդրադառնում է երաժշտի կյանքին:


Հայնրիխ Շյուտց, «Սրբազան սիմֆոնիա»
Հաղորդումը նվիրված է գերմանական օպերայի, բալետի, օրատորիայի հիմնադիր Հայնրիխ Շյուտցին (16-17-րդ դդ.): Վերլուծվում է կոմպոզիտորի «Սրբազան սիմֆոնիաներից» մեկը, որի հիմքում Հիսուսի կոչն է. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28):


Տաղերգություն
Հաղորդումը նվիրված է հայ միջնադարյան երաժշտաբանաստեղծական արվեստին: Վերլուծվում են Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով» և Հարություն Ալամդարյանի «Պարերգություն» տաղերը, դրանց մեղեդու և խոսքերի իմաստաբանությունը և ներդաշնակությունը: Տաղերը հնչում են Կոմիտասի անվան քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի կատարմամբ:


Մոնոդիա, պոլիֆոնիա և հոգևոր երաժշտություն (մաս Բ)
Հաղորդման երկրորդ մասում հեղինակը համեմատում է միաձայնության և բազմաձայնության հնարավորությունները, տարբեր աղբյուրների և իր դիտարկումների հիման վրա հաստատում այն փաստը, որ բազմաձայն երաժշտությունն ի զորու է առավել համակողմանի արտահայտելու մարդու ներաշխարհը, նրա փոխհարաբերությունները հասարակության, բնության և Արարչի հետ:


Ջութակահար Մայքլ Ռաբին (1936-1972)
«Բացառիկ, անսպառ տաղանդ», — այսպես է բնութագրել Մայքլ Ռաբինին նրա ուսուցիչ Իվան Ղալամյանը: Հաղորդման հեղինակը պատմում է հրաշամանուկ Մայքլի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում ջութակահարի նվաճումները, նրա արվեստի յուրօրինակությունը, որի փայլուն դրսևորումներից է Չայկովսկու կոնցերտը, որ հնչում է հաղորդման ընթացքում։


Նիկոլայ Մադոյանի «Բախիանան»
Հաղորդումը ներկայացնում է Բախի 2-րդ պարտիտան՝ ջութակահար Նիկոլայ Մադոյանի «մարաթոնյան» մենահամերգից, որտեղ նա կատարել էր Բախի մենանվագ սոնատների և պարտիտաների շարքն ամբողջությամբ: Այս ելույթը Մադոյանի մենանվագային համերգաշարի հերթական օղակներից մեկն էր: Մինչ այդ նա կատարել էր հայ կոմպոզիտորների բոլոր հայտնի պիեսները, Բեթհովենի բոլոր 10 սոնատները և այլն:


Մոցարտի «Մանուշակ» և Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգերը
Հաղորդման 1-ին մասը նվիրված է դասական ռոմանսի առաջնեկ՝ Մոցարտի «Մանուշակ» երգին, 2-րդ մասը՝ Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգին: Երկու երգերն էլ գրված են Գյոթեի խոսքերով: Եթե «Մանուշակը» մի դրամատիկ տեսարան է, ապա «Գրետխենը»՝ ողբերգական: Երկու երգերն էլ նորարարական են, որտեղ գերիշխում են զուտ երաժշտության օրենքներն ու միջանցիկ զարգացումը, ինչը վառ կերպով արտահայտվում է նվագակցության մեջ: Երկուսն էլ կանխորոշեցին այս ժանրի հետագա զարգացումը: