Մտորումներ

Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Արմագեդոն
06/02/2026

Արմագեդոն

Այս բառն օգտագործվում է վերջին ճակատամարտի նշանակությամբ: Հովհաննես առաքյալի «Հայտնություն» գրքի 16-րդ գլխում կարդում ենք. «Եվ տեսա, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին գորտերի նման երեք անմաքուր ոգիներ: Դրանք դիվական ոգիներ էին, որոնք հրաշքներ էին գործում և գնում էին աշխարհի բոլոր թագավորների մոտ` պատերազմի հավաքելու նրանց ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար: Որովհետև Տերն այսպես ասաց. «Ահա գալիս եմ գողի նման: Երանի՜ նրանց, ովքեր արթուն են մնում և պահում են իրենց զգեստները, որպեսզի մերկ չշրջեն, և իրենց ամոթույքը չերևա»: Ապա ոգիները թագավորներին հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն»:

 

Մտորումներ
Ցասման ողկույզներ
31/01/2026

Ցասման ողկույզներ

Այս արտահայտությունը գործածվում է ժողովրդի հեղափոխական ուժերի բարձրացումը, ակտիվացումը ցուցադրելու համար: Ամերիկացի գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ստայնբեկը 1939 թվականին գրած իր վեպն անվանել է «Ցասման ողկույզներ»: Հեղինակը վեպում գրում է, որ «մարդկանց հոգիներում լցվում և հասունանում են ցասման ողկույզները` ծանր ողկույզները, և այժմ քիչ է մնացել նրանց հասունացմանը»: Վեպի վերնագրի ծագումը սովորաբար կապում են Հովհաննեսի «Հայտնություն» գրքի 14-րդ գլխի 18-20 համարների հետ, ուր ասվում է. «Զոհասեղանից դուրս ելավ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանություն ուներ կրակի վրա. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, ու ասաց. «Քաղիր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»:

 

 

Մտորումներ
Սրբությունների սրբություն
23/01/2026

Սրբությունների սրբություն

Առօրյա կյանքում այս արտահայտությունն օգտագործվում է թանկագին, սրբազան, անհասանելի մի բան նշելու համար, ինչպես նաև հատուկ խնամվող, անհասանելի զետեղարան իմաստով:

 

Մտորումներ
Ալֆա և օմեգա
09/01/2026

Ալֆա և օմեգա

Այս արտահայտությունն օգտագործվում է որևէ բանի սկիզբն ու վերջը, հիմնականը, գլխավորը, ուղնուծուծը նշելու համար (այս արտահայտության հայերեն տարբերակն է «այբ և ֆե»-ն կամ «այբ և քե»-ն)։ Արտահայտությունը վերցված է Հովհաննես առաքյալի «Հայտնություն» գրքից: Աստվածաշնչի վերջին գրքի հեղինակն իր գիրքը սկսում է «հայտնություն» բառով: Որոշ լեզուներով թարգմանություններում այդ բառը հունարեն «ապոկալիպսիս»-ն է։ Ժամանակակից ընթերցողի համար այս բառը ձեռք է բերել բացարձակ հատուկ, նույնիսկ չարագուշակ իմաստ:

Մտորումներ
Ադամի տարվանից
02/01/2026

Ադամի տարվանից

Այս արտահայտությունը (Սաղմ. 16:8) օգտագործվում է հին, վաղեմի ժամանակների իմաստով: Ադամն ինչպես մարդկության նախահոր անձնանունն է, այնպես էլ բոլոր մարդկանց ընդհանուր անվանումը: Համաձայն «Ծննդոց» գրքի` Աստված աշխարհի արարման վեցերորդ օրն ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա: Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց»:

 

Մտորումներ
Թաքցնել քանքարը հողի մեջ
25/12/2025

Թաքցնել քանքարը հողի մեջ

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ` սեփական ընդունակությունների, գիտելիքների զարգացման մասին չմտածել, չօգտագործել դրանք, մեռցնել: «Քանքար» բառը հնում կիրառվում էր «կշեռք», «կշիռ» բառերի իմաստով, ապա` դրամի մեծ քանակը ցույց տալու համար և միայն հետագայում դարձավ ինչ-որ ոլորտում մարդու արտասովոր ընդունակությունների հոմանիշ:

 

Մտորումներ
Կայենի նշանը
19/12/2025

Կայենի նշանը

Աստվածաշնչյան Կայեն անունը դարձել է հասարակ անուն` դաժան մարդ, հանցագործ, չարագործ ու մարդասպան մատնանշելու համար, իսկ «Կայենի նշանը» գործածվում է «ոճրագործության նշան՝ հետք» իմաստով:

Մտորումներ
Ոսկե հորթը
12/12/2025

Ոսկե հորթը

Այս արտահայտությունն օգտագործվում է որպես հարստության, ոսկու, փողի, իշխանության խորհրդանիշ, այստեղից էլ` «ոսկե հորթի պաշտամունք», «շուրջպար ոսկե հորթի շուրջ» արտահայտությունները: Փոխաբերական իմաստով «ոսկե հորթ» արտահայտությունն օգտագործել են որպես իրենց ստեղծագործության վերնագիր գերմանացի գրող Ռուդոլֆ ֆոն Գոտտշալը, ռուս գրողներ Իլֆը և Պետրովը: Այն վերցված է Աստվածաշնչի «Ելք» գրքի 32-րդ գլխից:

 

Մտորումներ
Պատվիր քո հորն ու մորը
28/11/2025

Պատվիր քո հորն ու մորը

Այս արտահայտությունը վերցված է Աստծո տասը պատվիրաններից։ Ծնողներին և առհասարակ մեծահասակներին հարգելու պատվիրանն ունի համամարդկային նշանակություն և գալիս է վաղնջական ժամանակներից:

 

Մտորումներ
Փարիսեցիներ
22/11/2025

Փարիսեցիներ

Այսօր փարիսեցի են անվանում կեղծ բարեպաշտին, կեղծավոր, դատարկաբան անձանց: Նոր Կտակարանի ժամանակներում փարիսեցիները կազմում էին ամենաբազմաքանակ և հզոր կուսակցությունը հրեաների շրջանում:

Մտորումներ
Աղքատ Ղազարոս
14/11/2025

Աղքատ Ղազարոս

Այս արտահայտությունն օգտագործվում է ծայրագույն աղքատության իմաստով, նշանակում է աղքատ, թշվառ վիճակում գտնվող մարդ: Հիսուսն աղքատ Ղազարոսի առակը պատմում է Ղուկասի Ավետարանում:

 

Մտորումներ
Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել
07/11/2025

Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել

Այս արտահայտության իմաստն այն է, որ հայրերի արարքների համար իբր պատասխան են տալիս որդիները: Այն վերցված է Եզեկիելի մարգարեությունների գրքի 18-րդ գլխից.  «Տերը խոսում է Եզեկիելի հետ և ասում. «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայելացիներիդ մեջ թե` «Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել»: Վկա եմ Ես,- ասում է ամենակալ Տերը,- Իսրայելում այդ առածն այլևս չի ասվելու, որովհետև բոլորի հոգիներն էլ Իմն են` ինչպես հոր, այնպես էլ զավակի. ով մեղանչի, նա էլ կմեռնի»:

 

Մտորումներ
Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկը
02/11/2025

Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկը

Աստվածաշնչյան այս արտահայտությունը վերցված է Եզեկիելի մարգարեության գրքի 16-րդ գլխի 44 համարից: Սրա նման այլ արտահայտություններ էլ կան. «Մորը տես, աղջկան առ», «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Եզեկիելի գիրքն արտացոլում է Իսրայելի պատմության բեկումնային պահերից մեկը: Գրքի 16-րդ գլխում Իսրայելը ներկայանում է անհավատարիմ կնոջ կերպարով, ով անառակություն է գործել եգիպտացիների, ասորիների և բաբելացիների հետ: Աստծո սերն Իր ժողովրդի նկատմամբ հաճախ նմանեցվում է ամուսնու և կնոջ միջև սիրուն: Բայց, ի տարբերություն մարդկանց ամուսնական փոխհարաբերությունների, երբ ամուսինը կարող է մերժել կամ նույնիսկ ատել անհավատարիմ կնոջը, Աստված համբերատար է և ողորմած:

 

Մտորումներ
Սողոմոնյան վճիռ կամ Սողոմոնյան արդարադատություն
31/10/2025

Սողոմոնյան վճիռ կամ Սողոմոնյան արդարադատություն

Աստվածաշնչյան այս արտահայտությունը նշանակում է առաջին հայացքից տարօրինակ վճռով արդար և արագ դատաստան: Դավթի որդի և ժառանգորդ Սողոմոնը թագավորել է մեր թվարկությունից առաջ 1015-ից մինչև 975 թվականները: Նրա իմաստության առաջին դրսևորումը նկարագրված է «Գ Թագաւորություններ» գրքի երրորդ գլխում:

 

Մտորումներ
Անցկացնել գավազանի տակով
24/10/2025

Անցկացնել գավազանի տակով

Եզեկիելի մարգարեության գրքի 20-րդ գլխում Աստված ասում է. «Ձեզ անցկացնելու եմ մականիս տակով, մտցնելու եմ Ինձ հետ ուխտ կապածների թվի մեջ»: Աստվածաշնչում գավազանի հասկացությունը զուգորդվում է հովվի հետ: Նահապետների ժամանակաշրջանում հրեաների նախնիները զբաղվում էին անասնապահությամբ և իրենց հոտերի հետ քոչվոր կյանք էին վարում, այդ իսկ պատճառով Սուրբ Գիրքը մեզ փոխանցում է հովվական կյանքի շատ ու շատ պատկերներ:

 

Մտորումներ
Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի
19/10/2025

Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի

Այս արտահայտությունը վերցված է Մատթ. ԺԹ 6 համարից: Հիսուսը Գալիլեայի շրջանից գնում է Հրեաստանի սահմանները` Հորդանան գետի մյուս կողմը: Ինչպես միշտ, Նրա հետևից մեծ բազմություն էր գնում: Փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտենում են Նրան ու հարցնում. «Մեր Օրենքով մեկն իրավունք ունի՞ որևէ պատճառով արձակելու իր կնոջը»: Նրա փոքր-ինչ հանելուկային պատասխանն այսպիսին էր. «Սուրբ Գրքերում դուք չե՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից». և երկուսը մեկ մարմին պետք է լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ՝ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»:

 

Մտորումներ
Բազմաչարչար Հոբ
12/10/2025

Բազմաչարչար Հոբ

Աստվածաշնչյան այս արտահայտության շուրջ մենք մտորում ենք` դարձյալ թերթելով Հոբի գիրքը: Այս գրքի ընթերցողներին հայտնի է, որ նրա թեման տառապանքն է: Ինչպե՞ս է տառապանքը ծագել, և ի՞նչն է նրա պատճառը: Կամ առավել անձնական տիրույթում`կոնկրետ այս տառապանքն ինչո՞ւ է հենց ինձ բաժին հասել:

Եվ վերջապես՝ «ի՞նչ անեմ ես, երբ վիշտն այցելում է ինձ». այս հարցի պատասխանը ծնվում է Հոբի՝ վշտից ու շփոթությունից խոցված մտքի խորքերից և բացահայտվում նրա ճառերի մեջ` բանաստեղծական կառուցվածքով (3-31 գլուխներ):

Մտորումներ
Տերը տվեց, Տերն էլ հետ առավ
03/10/2025

Տերը տվեց, Տերն էլ հետ առավ

Այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստը`մեծ կորստի ժամանակ խոնարհ հնազանդություն: Աստվածաշնչյան այս արտահայտությունը վերցված է Հոբի գրքից, և նրա շուրջ մեր մտորումներին կնվիրենք երկու հաղորդում: Հոբի գրքի ընթերցողներին հայտնի է, որ դրա թեման տառապանքն է: Բայց ո՞րն է տառապանքի խնդիրը։ Շատերն են այս հարցի շուրջ մտորում` ինչո՞ւ է մեր կյանքում տեղ գտել տառապանքը: Ինչպե՞ս է այն ծագել, և ի՞նչն է նրա պատճառը:

 

Մտորումներ
Ձայն բարբառո հանապատի
28/09/2025

Ձայն բարբառո հանապատի

Այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է որպես անարձագանք, առանց պատշաՃ ուշադրության մնացած խոսք, կոչ:  Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերին հրեա ղեկավարները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ: Նրանք ցանկանում էին պարզել, թե ով է Հովհաննեսը, արդյո՞ք Քրիստոսն է կամ մարգարե, և կամ գուցե Եղիա՞ն է: Հովհաննեսը նրանց հարցերին բացասական պատասխան տվեց: «Ուրեմն ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որպեսզի մի պատասխան տանք մեզ ուղարկողներին: Դու ի՞նչ ես ասում քո մասին»: Հովհաննեսը պատասխանեց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, ինչպես ասում է Եսայի մարգարեն, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը»:

 

Մտորումներ
Ավետյաց երկիր
19/09/2025

Ավետյաց երկիր

Սա մի վայր է, ուր լիություն ու երջանկություն են տիրում: Սա մի ցանկալի բան է, թվում է, թե երջանկության գագաթնակետն է:

Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթի 11-րդ գլխում նախնիների օրինակելի հավատը նկարագրելիս Աբրահամի համար գրում է. «Հավատով նա պանդուխտ դարձավ Ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նույն խոստման. քանզի սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է»:

 

Մտորումներ