Երաժշտական թատրոնի գոհարներ

Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը  ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները՝ անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

  • Հաղորդման  հեղինակ՝ Ինեսսա Խաչատրյան
Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ
12/09/2025

Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ

1864 թվականի սկզբին ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախն իր նոր օպերետի համար սյուժե փնտրելիս ընտրում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» էպիկական պոեմը: Լիբրետոն գրում են Անրի Մեյլակն ու Լյուդովիկ Ալևին:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1864 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում:

 

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե, «Դոն Կիխոտ» օպերա
05/09/2025

Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե, «Դոն Կիխոտ» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտորի ներշնչանքի աղբյուրը իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի հանրահայտ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպը չէր, այլ նրա ժամանակակցի՝ ֆրանսիացի գրող Ժակ լը Լորենի «Բարձրահասակ ասպետը» (կամ, համաձայն այլ թարգմանությունների, «Թախծոտ ասպետը») պիեսը: Պիեսի հիման վրա լիբրետո է գրել Անրի Կենը, որի հետ Ժյուլ Մասնեն համագործակցում էր 1894 թվականից:
Մասնեն Դոն Կիխոտի դերերգը հատուկ գրել է ռուս հանրաճանաչ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի համար:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1910 թվականի փետրվարի 19-ին Մոնտե-Կառլոյում:
«Դոն Կիխոտ» օպերան բաղկացած է հինգ գործողությունից։

Երաժշտական թատրոնի գոհարներ
Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին» բալետ
29/08/2025

Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին» բալետ

Այս սյուժեով բալետ բեմադրելու գաղափարն առաջարկել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին: Նա բալետի լիբրետոն ստեղծել է ժամանակի հայտնի բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Լիբրետոն գրելիս Վսեվոլոժսկին օգտվել է Պերոյի հեքիաթի միայն առաջին մասից: Նա շրջանցել է Ավրորայի, արքայազն Դեզիրեի ու նրա չար խորթ մոր հետագա ճակատագրին վերաբերող երկար հատվածը: Վսեվոլոժսկին ու Պետիպան հեքիաթի սյուժեն չեն փոփոխել: Նրանք փոփոխել են հեքիաթի ոճը՝ բարոյախրատական պատմությունից այն վերածելով հեքիաթային ու շլափայլ ներկայացման:
Բալետն առաջին անգամ ներկայացվել է 1890 թվականի հունվարի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
«Քնած գեղեցկուհին» բալետը կունկնդրեք Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով)։

Երաժշտական թատրոնի գոհարներ
Լեո Դելիբ, «Լակմե» օպերա
22/08/2025

Լեո Դելիբ, «Լակմե» օպերա

1881 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբը Փարիզի ազգային երգիծական օպերային թատրոնի տնօրինությունից արևելյան թեմայով օպերա գրելու պատվեր է ստանում  և ստեղծում «Լակմեն»։ «Լակմեի»  հիմքում ընկած է Պիեռ Լոտիի «Լոտիի ամուսնությունը» վեպը։ Ֆրանսերեն լիբրետոն հեղինակել են Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլը:
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում: «Լակմեի» պրեմիերան տեղի է ունեցել 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի ազգային կոմիկական օպերային թատրոնում:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա
15/08/2025

Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա

Այս ստեղծագործությունը բաղկացած է մեկ գործողությունից, նախաբանից ու վերջաբանից:
Օպերայի դիպաշարը հիմնված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխք» մասի 5-րդ երգի վրա: Լիբրետոն գրել է Մոդեստ Չայկովսկին: Չնայած անզուգական երաժշտությանը՝ օպերան 1906 թ. պրեմիերայից հետո խաղացանկային չդարձավ: Այն վերաբեմադրվեց 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ դիրիժոր Մարկ Էրմլերի ղեկավարությամբ:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, «Աղախին-տիրուհի» օպերա-բուֆֆա
08/08/2025

Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, «Աղախին-տիրուհի» օպերա-բուֆֆա

Այս կոմիկական օպերան (իտալերեն՝ օպերա-բուֆֆա) բաղկացած է մեկ գործողությունից: Լիբրետոյի հիմքում, հավանաբար, Յակոպո Նելլիի «Աղախին-տիրուհի» կատակերգությունն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակն է Ջենարո Ֆեդերիկոն:
«Աղախին-տիրուհի» օպերան Պերգոլեզին գրել է որպես 3 գործողությունից բաղկացած «Հպարտ բանտարկյալը» օպերա-շարքի ընդմիջումների միջև ներկայացվող միջնախաղ՝ ինտերմեդիա:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1733 թվականի օգոստոսի 28-ին Նեապոլի «Սան Բարտոլոմեո» թատրոնում:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Սերգեյ Պրոկոֆև, «Ռոմեո և Ջուլիետ» բալետ
25/07/2025

Սերգեյ Պրոկոֆև, «Ռոմեո և Ջուլիետ» բալետ

1933 թվականին հայտնի շեքսպիրագետ, Լենինգրադի Կիրովի անվան (այժմ՝ Մարիինյան) օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ռադլովը Սերգեյ Պրոկոֆևին առաջարկել է երաժշտություն գրել այս երկի թեմայով: Կոմպոզիտորն իսկույն անցել է գործի: Երաժշտության ստեղծմանը զուգահեռ նա Ռադլովի ու ժամանակի հայտնի թատերական քննադատ և դրամատուրգ Ադրիան Պիոտրովսկու հետ մշակել է լիբրետոն:
«Ռոմեո և Ջուլիետ» բալետն առաջին անգամ ներկայացվել է 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Չեխիայի Բռնո քաղաքում: Հայրենական բեմում այն, բազում խոչընդոտներ հաղթահարելուց  հետո, ներկայացվեց 1940 թվականի հունվարի 11-ին:
Ըստ կլավիրի՝ բալետը բաղկացած է 4 գործողություններից և 9 տեսարաններից, բայց սովորաբար բեմադրությունների ժամանակ երկրորդ պատկերը բաժանում են 4 առանձին տեսարանների, իսկ վերջին՝ 4-րդ գործողությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ տեսարանից, միացնում են 3-րդ գործողությանը՝ որպես վերջաբան:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, «Արիոդանտ»
18/07/2025

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, «Արիոդանտ»

Այս օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակն անհայտ է. հայտնի է միայն, որ այն գրվել է ըստ Անտոնիո Սալվիի երկի, որի հիմքում Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օռլանդո» հերոսական պոեմն է:
Հենդելը 36 տարիների ընթացքում գրել է շուրջ 40 օպերա՝ «Ալմիրայից» մինչև վերջինը՝ «Դեյդամիան»:
«Արիոդանտ» օպերան առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի նորաբաց «Քովենթ Գարդեն» թատրոնում 1735 թվականի հունվարի 8-ին: Հանդիսատեսին ներկայացվել է ընդամենը 11 անգամ։ Գլխավոր դերերգը կատարել է ժամանակի հռչակավոր կաստրատ երգիչ Ջովանի Կարեստինին։
Ինչպես և Հենդելի այլ օպերաներ, «Արիոդանտը» նույնպես ժամանակի երաժշտական հովերի փոփոխության պատճառով ավելի քան 200 տարի մոռացության է մատնվել: Այն կրկին բեմադրվել է 1971 թվականին։ 

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»
11/07/2025

Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»

Վերդիի այս օպերայի լիբրետոյի հեղինակն է Արրիգո Բոյտոն, իսկ դիպաշարի հիմքում Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունն է:
«Օթելլո» օպերայի պրեմիերան տեղի ունեցավ 1887 թվականի փետրվարի 5-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 74-ամյա կոմպոզիտորի օպերան  գրված էր բոլորովին նոր ոճով, նոր եռանդով:  Հանդիսատեսն այն ընդունում է մեծ ցնծությամբ: Շուտով օպերան ճանաչվում է ողջ աշխարհում և ընդունվում որպես Վերդիի առավել կատարյալ ստեղծագործություններից մեկը:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ»
04/07/2025

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ»

Այս օպերայի լիբրետոն Մոցարտին առաջարկել է նրա վաղեմի ընկերը՝ թատերական գործարար Էմմանուել Շիկանեդերը: Վերջինս լիբրետոն գրել է ոգիների ու փերիների մասին Քրիստոֆ Մարտին Վիլանդի ֆանտաստիկ պոեմների ու կախարդական հեքիաթների թեմաներով՝ օգտագործելով որոշ մանրամասներ այլ հեղինակների երկերից: Շիկանեդերը լիբրետոյում ներառել է նաև մասոնական ծիսական գաղտնի փորձություններ ու խորհրդավոր կերպարանափոխություններ:
Լիբրետոյի սկզբնական տարբերակում շատ էին հակասություններն ու հեքիաթային հորինվածքները, իսկ հապճեպ ձևափոխումն է՛լ ավելի էր վատթարացրել խառնաշփոթը: Բայց Մոցարտը կարողանում է այս պարզունակ դիպվածաշարում արտահայտել բարոյա-փիլիսոփայական լուրջ գաղափարներ: Նրան ոգեշնչում էին մարդկանց հավասարության և եղբայրության կարգախոսները, հավատն առ բարությունը և բարոյական կատարելության ձգտումը:
«Կախարդական սրինգ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին 1791 թվականի սեպտեմբերի 30-ին: Ներկայացումից երկու ամիս անց մահացավ 36 տարին դեռ չբոլորած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ մեզ թողնելով մեկը մյուսին չզիջող հանճարեղ ստեղծագործությունների հսկայական ժառանգություն:

 

Երաժշտական թատրոնի գոհարներ
Լյուդվիգ վան Բեթհովեն, «Ֆիդելիո»
27/06/2025

Լյուդվիգ վան Բեթհովեն, «Ֆիդելիո»

«Ֆիդելիոն» Բեթհովենի միակ ավարտուն օպերան է։ Սյուժեի հիմքում իրական պատմություն է մի քաղբանտարկյալի մասին, որի կինն անձնազոհաբար ամուսնուն փրկել է անխուսափելի վախճանից: Օպերայում առկա դրամատիզմը, բարոյական պաթոսը, հերոսականությունը, ամուսնական սիրո մաքրության և ուժի փառաբանումը, բռնապետության դեմ պայքարի մղումը հարազատ էին Բեթհովենին, նրա գաղափարներին։

Երաժշտական թատրոնի գոհարներ
Կառլ Մարիա ֆոն Վեբեր, «Ազատ հրաձիգը»
20/06/2025

Կառլ Մարիա ֆոն Վեբեր, «Ազատ հրաձիգը»

«Ազատ հրաձիգը» օպերան համարվում է գերմանական առաջին իրական ռոմանտիկ օպերա։ Երկի հիմքում Գերմանիայում և Չեխիայում լայնորեն տարածված հին լեգենդն է երիտասարդ որսորդի մասին, սակայն լիբրետոյի ավարտը տարբերվում է լեգենդում եղածից: Հեղինակի՝ Յոհանն Ֆրիդրիխ Կինդի կամքով՝ բարու և չարի հակամարտության մեջ հաղթում է բարին, և հերոսների համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում։
Կառլ Մարիա ֆոն Վեբերն «Ազատ հրաձիգ» օպերան գրել է ազգային-ազատագրական պայքարի բուռն վերելքի ժամանակ՝ լիովին արդարացնելով դեմոկրատ հանդիսատեսի սպասումները։ Այն գնահատվել է ոչ միայն որպես գեղարվեստական հանճարեղ երևույթ, այլև որպես հայրենասիրական նշանակություն ունեցող հզոր ստեղծագործություն։

Երաժշտական թատրոնի գոհարներ
Միխայիլ Գլինկա, «Ռուսլան և Լյուդմիլա»
13/06/2025

Միխայիլ Գլինկա, «Ռուսլան և Լյուդմիլա»

«Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի ստեղծման միտքը Միխայիլ Գլինկան հղացել է դեռևս Ալեքսանդր Պուշկինի օրոք։ Կոմպոզիտորը մտադիր էր այն ստեղծել հենց Պուշկինի լիբրետտոյի հիման վրա, սակայն պոետի հանկարծակի վախճանի պատճառով ստիպված եղավ դիմելու իր ընկերների օգնությանը. լիբրետտոն գրելիս նրան օգնել են Վալերիան Շիրկովը, Կոնստանտին Բախտուրինը, Նեստոր Կուկոլնիկը և այլք։
Այս ստեղծագործության մեջ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, զարգացրել երկի բովանդակությունը, նախանշել է ռուսական օպերայի ապագա ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ, որոնք հիմնված են սիմֆոնիզմի զարգացման, հակադիր կերպարների բախման ու համադրման և առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Հենրի Փյորսել, «Դիդոնե և Էնեաս»
06/06/2025

Հենրի Փյորսել, «Դիդոնե և Էնեաս»

Անգլիացի կոմպոզիտոր Հենրի Փյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերան ստեղծվել է ըստ Պուբլիոս Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմի 4-րդ մասի, որտեղ հեղինակը պատմում է Տրոյայի առասպելական հերոս Էնեասի մասին: Լիբրետոյի հեղինակն է Նահում Թեյթը: «Դիդոնե  և Էնեաս»-ը Հենրի Փյորսելի առաջին երաժշտական դրաման է: Հատուկ պատվերով` կոմպոզիտորն այն գրել է 1689 թվականին՝ Ջոզիաս Փրիստի աղջիկների դպրոցի ավարտական միջոցառմանը ներկայացնելու համար:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Կամիլ Սեն-Սանս, «Սամսոն և Դալիլա»
30/05/2025

Կամիլ Սեն-Սանս, «Սամսոն և Դալիլա»

Կամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերայի հիմքում Սամսոնի և Դալիլայի մասին աստվածաշնչյան հայտնի պատմությունն է: Լիբրետոյի հեղինակն է Ֆերդինանդ Լեմերը: Օպերայի պրեմիերան կայացել է Վայմարում 1877 թվականին՝ գերմաներենով, Ֆերենց Լիստի ղեկավարությամբ:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, «Օրփեոս եվ Եվրիդիկե» օպերա
23/05/2025

Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, «Օրփեոս եվ Եվրիդիկե» օպերա

«Օրփեոս և Եվրիդիկե» օպերայի լիբրետոն գրել է Ռանիերի դե Կալցաբիջին՝ ընտրելով Վերգիլիոսի «Գեորգիկներ»-ում նկարագրված հին հունական առասպելի տարբերակը։ Օպերայում անտիկ հերոսները ներկայացված են վեհ և հուզիչ պարզությամբ և արտահայտում են սովորական մահկանացուներին բնորոշ իրական զգացմունքներ: Օպերայի ավարտը, ի տարբերություն առասպելի, երջանիկ է:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ջակոմո Պուչինի, «Մադամ Բատերֆլայ» կամ «Չիո-Չիո Սան»
16/05/2025

Ջակոմո Պուչինի, «Մադամ Բատերֆլայ» կամ «Չիո-Չիո Սան»

Պուչինիի այս օպերան, հեղինակի բնորոշմամբ, «ճապոնական ողբերգություն» է:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին եվրոպացիները ձգտում էին էկզոտիկայի, արվեստագետներն էլ փորձում էին իրենց գործերը հարստացնել ասիական կոլորիտով: Ընտրելով ճապոնական թեմա՝ Պուչինին առաջին հերթին կարևորում էր անհատի դրաման:
Օպերայի հիմքում ամերիկացի գրող Ջոն Լոնգի նովելն է: Դևիդ Բելասկոն այն վերածել է դրամայի, որի բեմադրությունը խորապես ազդել է Ջակոմո Պուչինիի վրա, և կոմպոզիտորի առաջարկով Լուիջի Իլլիկան և Ջուզեպպե Ջակոզան հիշյալ դրամայի հիման վրա գրել են օպերայի լիբրետոն:
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 1900 թ., Նագասակի քաղաքում:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ջուզեպպե Վերդի, «Նաբուկո» կամ «Նաբուգոդոնոսոր» օպերա
09/05/2025

Ջուզեպպե Վերդի, «Նաբուկո» կամ «Նաբուգոդոնոսոր» օպերա

Երկի հիմքում Օգյուստ Անիսե-Բուրժուայի ողբերգության մեջ նկարագրված աստվածաշնչյան իրադարձություններն են: «Նաբուկոն» Բաբելոնի Նաբուգոդոնոսոր Երկրորդ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ. թ. ա. 578 թվականին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին:
Իտալերեն լիբրետոն գրել է Տեմիստոկլե Սոլերան:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ադոլֆ Ադան, «Ժիզել կամ Վիլիսներ»
02/05/2025

Ադոլֆ Ադան, «Ժիզել կամ Վիլիսներ»

Ադոլֆ Ադանի «Ժիզել կամ Վիլիսներ» ֆանտաստիկ բալետի լիբրետոն գրել են Անրի դը Սեն Ժորժը և Թեոֆիլ Գոթիեն՝ ըստ Հայնրիխ Հայնեի մշակած սլավոնական լեգենդի: Լեգենդը գիշերային պարուհիների մասին է. նրանց անվանում են «վիլիսներ»: Այս տարաբախտ երիտասարդ էակները հարսնացուներ են, որոնք մահացել են ամուսնական առագաստ չմտած: Կեսգիշերին նրանք դուրս են գալիս շիրիմներից՝ ձգտելով կրկին վերապրել իրենց երջանիկ օրերը: Վա՜յ այն անցորդին, որը դժբախտություն կունենա հանդիպելու նրանց: Նրան ներքաշում են շուրջպարի մեջ և ստիպում իրենց հետ պարել այնքան, մինչև անշնչացած տապալվի գետնին: Սիրո մեջ խոր հիասթափություն ապրած և խաբված Ժիզելը մահանում է և վերափոխվում գիշերային պարուհու՝ վիլիսի:

Երաժշտական թատրոնի գոհարներ
Ռուջերո Լեոնկավալո, «Պայացներ»
25/04/2025

Ռուջերո Լեոնկավալո, «Պայացներ»

Լեոնկավալոյի այս օպերան առաջին անգամ ներկայացվել է հանդիսատեսին 1892 թվականին: Դրա գործողությունները տեղի են ունենում Իտալիայի հարավում` Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում: Իտալերեն «պայյաչո» բառը նշանակում է «ծաղրածու»: Ներկայացվող պատմությունը զուտ երևակայության արդյունք չէ. հեղինակը փորձել է արտացոլել իրական կյանքը` ոգեշնչվելով նույն այդ իրականությունից:

Երաժշտական թատրոնի գոհարներ